Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-12-2018
2018 թ.-ին աշխարհում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները
2018 թ. շուտով կավարտվի, սակայն պատմության մեջ դաջված կմնան այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցնող տարվա ընթացքում:

Իրադարձություններ, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են թողել երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների վրա: «МИР 24»-ն առանձնացրել է 2018 թ.-ին աշխարհում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները:

Պուտին-Թրամփ պատմական հանդիպումը Հելսինկիում



Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտի հաջորդ օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացավ քաղաքական ոլորտի ամենակարեւոր հանդիպումներից մեկը՝ ՌԴ նախագահ Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը: Դա նրանց առաջին հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվեցին հարցեր՝ կապված «Հյուսիսային հոսք-2»-ի, միջուկային զենքի, Սիրիայի իրադարձությունների, Կորեական թերակղզում տիրող իրավիճակի հետ: 

Երկու երկրների ղեկավարները նաեւ մոտ 2 ժամ դռնփակ զրույց ունեցան: Արդյունքներն ամփոփելիս ՌԴ նախագահն իր գործընկերոջ հետ հանդիպումը որակեց «հաջողված», իսկ ԱՄՆ-ի առաջնորդը «լավ երկխոսություն» բնորոշումը տվեց: Ի վերջո, նրանք ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն հայտնեցին: 

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվեց մեքենա վարել



Ամռանը Սաուդյան Արաբիայում պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Հունիսի 24-ին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզա ալ Սաուդի դեկրետով չեղյալ հայտարարվեց այն օրենքը, որով արգելվում էր կանանց մեքենա վարել: Կանայք այդպիսով կարող են առանց արգելքի մեքենա վարել՝ չվախենալով, որ կարող են խիստ պատժի ենթարկվել: Կանանց համար հատուկ դասընթացներ են կազմակերպվում, ինչը նրանց երթեւեկության կանոններին լիարժեք տիրապետելու հնարավորություն է տալիս: Նշենք, որ Սաուդյան Արաբիան պահպանողական երկիր է եւ միակը, որտեղ կանանց արգելված էր մեքենա վարել: 

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն



Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թերեւս ամենագլխավոր սպորտային իրադարձությունն էր, որը տեղի ունեցավ 2018 թ.-ին: Այն աշխարհի 21-րդ առաջնությունն էր, որը 2018 թ.-ի հունիսի 15-ից հուլիսի 15-ն անցկացվեց Ռուսաստանում: Եզրափակիչը հուլիսի 15-ին տեղի ունեցավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան եւ Խորվաթիան վիճարկեցին աշխարհի գավաթը: Ֆրանսիան հաղթեց 4:2 հաշվով եւ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Հարավային եւ Հյուսիսային Կորեաները «թաղեցին» պատերազմը



2018 թ.-ի ամենակարեւոր եւ ուշագրավ իրադարձություններից մեկը Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների՝ բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումն էր: Դա երկրների ղեկավարների 3-րդ հանդիպումն էր: Ընդ որում՝ առաջին դեպքն էր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հատեց սահմանը եւ անցավ Հարավային Կորեա: Նա իր գործընկերոջը՝ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինին հրավիրեց Հյուսիսային Կորեա: Հարավային Կորեայի առաջնորդը, ընդունելով հրավերը, սիմվոլիկ ձեւով ոտքը դրեց Հյուսիսային Կորեայի հողի վրա՝ հատելով սահմանը: Կորեաների ղեկավարները խոստացան, որ այլեւս երկու երկրների միջեւ պատերազմ չի լինի: Ստորագրվեց հռչակագիր Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման մասին: 

Օսկար-2018



Լոս Անջելեսում տեղի ունեցավ կինոաշխարհի տարվա ամենագլխավոր իրադարձությունը՝ Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որն այս տարի անցկացվում էր 90-րդ անգամ: Լավագույն ֆիլմ ճանաչվեց Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմը, իսկ ֆիլմի ռեժիսորը՝ մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն, հռչակվեց լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասան ճանաչվեց «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլիի կերպարը մարմնավորած Գարի Օլդմանը, իսկ լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Ֆրենսիս ՄքԴորմանդը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Արքայազն Հարրի հարսանիքը



2018 թ.-ի գարնանը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ պատմական իրադարձություն․ արքայազն Հարրին ամուսնացավ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Հարսանյաց հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 19-ին: Հազարավոր մարդիկ շրջապատել էին ամրոցը եւ հետեւում էին հարսանյաց արարողությանը: Հյուրերի թվում հայտնի քաղաքական գործիչներ էին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ այլք: Հարսանյաց զգեստը, որը կրում էր Մեգանը, արժեր մոտ 400 հազար դոլար: 

Ձմեռային օլիմպիական խաղեր



23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ն անցկացվեցին Կորեայի Հանրապետության Փհենչհան քաղաքում: Հատկանշական է շեշտել բացման շքեղ արարողության մասին, որը տպավորեց ամբողջ աշխարհին: Օլիմպիական խաղերի քաղաքի ընտրության վերջնական քվեարկությունը տեղի էր ունեցել 2011 թվականի հուլիսի 6-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի 123-րդ նիստում, որն անցկացվել էր Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում: Օլիմպիական խաղերի թալիսմաններն էին Սուհորամ վագրը (օլիմպիական խաղերում) եւ Պանդաբի արջը (պարօլիմպիական խաղերում): Մեդալների մի կողմում գծեր էին, որոնք խորհրդանշում էին օլիմպիական խաղերի պատմությունը եւ մարզիկների վճռականությունը, իսկ հակառակ կողմում՝ սպորտային մարզաձեւերի նկարները:

Հայաստանում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները



Հայաստանը 2018 թ. անշուշտ հարուստ էր իրադարձություններով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին ամբողջ աշխարհի մակարդակով: Հատկանշական է թերեւս առանձնացնել գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն: Թավշյա հեղափոխությանը հետեւեցին կադրային փոփոխություններ: 2018 թ.-ին կայացան երկու արտահերթ ընտրություն՝ Երեւանի քաղաքապետի եւ Ազգային ժողովի: 

2018 թ. Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որը կրում էր «Ապրել միասին» կարգախոսը: