Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-12-2018
Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ: 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջունեց ներկաներին՝ նշելով. «Մենք շուտով մտնում ենք 2019 թվական: Ասում են՝ Ամանորին հրաշքներ են կատարվում: Ճիշտն ասած, մինչեւ 2018 թ.-ը ես հրաշքներին չէի հավատում, բայց, միեւնույնն է, ինչպես եւ ամեն տարի, 2018 թ.-ի Ամանորին  նույնպես երազանք պահեցի, եւ գարնանն իմ երազանքը կատարվեց: Միեւնույն ժամանակ որպես գիտությանը հավատացող մարդ՝ ես հասկանում էի, որ հրաշքները եւ երազանքները հենց այնպես չեն կատարվում: Միակ պայմանը, որպեսզի երազանքը կատարվի, պետք է դրա մասին երազեն բոլորը: Եվ փաստորեն 2018 թ.-ի Ամանորին մենք՝ բոլորս միասին, երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում»: 

Նշենք, որ 2005 թ.-ից  ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել: Գագաթի հետ 37 մետր բարձրությամբ, հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը զարդարված է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: 

Հիշեցնենք, որ նոր տոնածառի ձեռքբերման համար համայնքային բյուջեից մոտ 71 միլիոն դրամ է հատկացվել, ինչի շուրջ քննարկումները մինչ օրս չեն դադարում: Հասարակության մի ստվար մասը գտնում է, որ մայրաքաղաքում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրների պարագայում այդ գումարը չափազանց շռայլ հատկացում է: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ նոր տոնածառը հանրության պահանջն է: 

Ինչեւէ, տարաբնույթ քննարկումների տեղիք տված նոր տոնածառը ողջ շքեղությամբ «ներկայացավ» մայրաքաղաքի բնակիչներին՝ ազդարարելով Ամանորի միջոցառումների մեկնարկը: