Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-12-2018
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2018 թ.-ի լավագույն տասը մարզիկների ցանկում տեղ չունի
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2-րդ տարին անընդմեջ ինքնատիպ ձեւաչափով՝ լրագրողների, մարզիչների եւ հանրության քվեարկության միջոցով որոշեց, թե ովքեր տեղ ունեն ՀՀ «Լավագույն տասը մարզիկ» մրցույթի տասնյակում։


Անցած տարվա համեմատ՝ փոփոխություններ էին կատարվել քվեարկության կարգում. լրագրողներից ու երկրի բնակչությունից բացի՝ քվեարկելու հնարավորություն ունեին նաեւ պրոֆեսիոնալ մարզիչները։


 
Եռակողմ քվեարկության արդյունքում էլ ձեւավորվեց «Լավագույն տասը մարզիկ» մրցույթի ցանկը, որի կազմում ընդգրկված չէ, օրինակ, անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կազմում իր մրցելույթները շարունակող Հենրիխ Մխիթարյանը։ Հատկանշական է, որ տասնյակում տեղ չի գտել եւ ոչ մի ֆուտբոլիստ, մինչդեռ վատ մարզական տարի չէր ունեցել Հայաստանի ազգային ընտրանու խաղացող Մարկոս Պիզելլին, ով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ղազախստանում։ Ինչեւէ, 2018 թ.-ի լավագույն մարզիկների տասնյակում ֆուտբոլիստի չլինելը հստակ ուղեգծում է, թե ինչպիսին է եղել մարզաձեւի հաջողությունը վերջին 365 օրերին։


 
Լրագրողների, մարզիչների եւ հանրային կարճ հաղորդագրությունների (SMS) քվեարկության բոլոր արդյունքների հիման (ձայները եղել են 1/3 սկզբունքով) վրա ձեւավորվեց «Լավագույն տասը մարզիկ» մրցույթի ցանկը։ Այնտեղ տեղ են գտել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր մրցաձեւում աննախադեպ, բացառիկ հաջողություն գրանցած Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը, սամբիստներ Արսեն Ղազարյանը եւ Գրիգոր Մխիթարյանը, հեծանվային սպորտի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը եւ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը։


 
Հատկանշական է, որ տասնյակում նշված մարզիկների հերթականությունը ոչինչ չի նշանակում։ Այլ կերպ ձեւակերպած՝ չկա 1-ին կամ 10-րդ հորիզոնական։ Ցանկի բոլոր 10 մարզիկները հավասար են: Այս դեպքում, իհարկե, ոչ թե 10, այլ 11 մարզիկներ կլինեն, քանի որ ջրացատկում ունեցած հաջողությունը ոչ թե մեկ, այլ երկու մարզիկի մեկ նիշի ներքո է եղել՝ Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան։


 
Ի դեպ, միայն լրագրողների ու մարզիչների քվեարկության հիման վրա տասնյակն այլ տեսք է ունեցել. այնտեղ են եղել Արթուր Ալեքսանյանը, Արթուր Թովմասյանը, Ֆերդինանտ Կարապետյանը, Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը, Մաքսիմ Մանուկյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Շահինյանը (հունահռոմեական ոճի ըմբիշ) եւ Էդգար Ստեփանյանը։ Ասել է թե՝ ընդամենը երկու փոփոխություն է եղել վերջնական ցանկի համեմատ։


 
Հանրության SMS քվեարկության արդյունքներն այլ պատկեր են արձանագրել. ամենաբարձր ձայները ստացել էին հետեւյալ 10 մարզիկները՝ Գրիգոր Մխիթարյան (սամբո), Արսեն Ղազարյան (սամբո), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Գոռ Մինասյան (ծանրամարտ), Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն), Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ), Հայկ Գասպարյան (ուշու), Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Դավիթ Պետրոսյան (սամբո)։ Ինչ խոսք, միանգամից 4 սամբիստ, ըստ հանրային քվեարկության, պետք է տեղ ունենային լավագույն տասնյակում, ինչն անհավանական է։


 
Հատկանշական է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից ներկայացված լավագույնների ցանկում ընդհանուր առմամբ 21 թեկնածու է եղել՝ տարբեր մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունում հաղթած եւ մրցանակային տեղեր նվաճած, ինչպես նաեւ իրենց ելույթներով ՀՀ պատիվը բարձր պահած մարզիկներ։



Վերոնշյալ ցանկում կային նաեւ 2 ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելլին:

Ի դեպ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ լրագրողների, ինչպես նաեւ մարզիչների քվեարկությունը եղել է ուղիղ եթերում (https://www.youtube _aSpUjoqUo.com/watch?v=n_aSpUjoqUo): Այն տեւել է գրեթե 6 ժամ՝ մեկնարկելով դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին։