Նյութը՝ «Երիտասարդ» առցանց պորտալի աշխատակազմից
Լուսանկարները՝
Տեղադրվել է 22-12-2018
Երիտասարդական ոլորտի տեղեկատվական բացառիկ հարթակ. «Երիտասարդ»-ը 9 տարեկան է
2009 թ.-ի դեկտեմբերի 22-ին հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների շարքում հայտնվեց նոր եւ ինքնատիպ լրատվամիջոց, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ երիտասարդության խնդիրներին, հաջողություններին, նախաձեռնություններին՝ հերոս դարձնելով օրվա հայ երիտասարդությանը։
Յուրաքանչյուր տարեվերջին կատարված աշխատանքներն ամփոփելու պահն է։ «Երիտասարդ» առցանց պորտալի համար դեկտեմբերը ոչ այնքան ամփոփման, որքան նոր մեկնարկի առիթ է, քանի որ դեկտեմբերի 22-ին երիտասարդական ոլորտի տեղեկատվական բացառիկ հարթակն իր ծննդյան տարեդարձն է տոնում։

Ուղիղ 9 տարի առաջ՝ 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, հայաստանյան երիտասարդությանն իր էջերի ու հրապարակումների գլխավոր հերոսը դարձրեց յուրօրինակ ինֆորմացիոն այս հարթակը՝ «Երիտասարդ» առցանց պարբերականը։ Երկու տարի առաջ՝ 2016 թ.-ին, պարբերականը նոր տեսք ու թարմ շունչ առավ՝ դառնալով ավելի ընդգրկուն եւ բովանդակալից. առ այսօր «Երիտասարդ»-ը մնում է ոլորտային միակ առցանց պորտալը Հայաստանում, որն ամենօրյա թարմացումներով իր ընթերցողներին ներկայացնում է երիտասարդության առջեւ ծառացած մարտահրավերները, նշում երիտասարդական հաղթանակները եւ հաջողությունները, արտահայտում այն մտահոգությունը, որն առկա է հայ երիտասարդության շրջանում, կարճ ասած՝ երիտասարդության կողքին է եւ լավ գիտի, թե ինչպիսին է եւ ինչ է ցանկանում ժամանակակից հայ երիտասարդը։

Ամենօրյա թարմացումները, բազմոլորտ լրատվությունը, տարատեսակ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկությունները շարունակում են մնալ «Երիտասարդ»-ի հաջողության բանալին։ Ինքնատիպ, շատ ու շատ հայաստանյան ԶԼՄ-ներից տարբերվող լուսանկարներով ու բովանդակությամբ այս առցանց հարթակը շարունակում է մնալ թե՛ երիտասարդների, թե՛ երիտասարդական ոլորտով հետաքրքրվող հայ ընթերցողների համար։ Հատկանշական է, որ «Երիտասարդ»-ի ընթերցողների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով. այն վաղուց համաշխարհային ընդգրկում ունի, ինչին նպաստել է անցած տարիներին «Երիտասարդ»-ի հաջող աշխատանքը։

Լրատվամիջոցը հասցրել է սիրվել շատ ընթերցողների կողմից։ Այս մասին անընդհատ փաստում են կանոնավոր հաճախումներն ու դիտումները արտասահմանյան IP հասցեներից։ Այս ամենին նպաստում են նաեւ առցանց պորտալի նորությունների բաժնի անգլերեն թարմացումները, որոնք ժամանակի ընթացքում առավել ընթերցված եւ գրավիչ են դառնում։ Միայն այն հանգամանքը, որ աշխարհի մասշտաբով այնպիսի մեծ եւ կարեւոր իրադարձություն, ինչպիսին էր 2018 թ.-ի ամռանը ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը բացառիկ հնարավորություն է տվել «Երիտասարդ»-ի թղթակցին հավատարմագրում անցնելու եւ մրցաշարի ամբողջ ընթացքը լուսաբանելու դեպքի վայրից՝ Ռուսաստանի 11 քաղաքներից, արդեն իսկ ընդգծում է այն առաջընթացը, որ անցնող մի քանի տարիներին գրանցել է «Երիտասարդ»-ը՝ դառնալով նաեւ միջազգայնորեն ճանաչելի։

Գուցե գործունեության նախորդ 9 տարիներն ընթերցողներին մեկ ակնթարթ են թվում, բայց «Երիտասարդ»-ի համար դրանք հասունության եւ դեպի կատարելության հասնելու ճանապարհի մի հատվածն են կազմում միայն, քանի որ առջեւում նոր երիտասարդական մարտահրավերներ կան եւ չբարձրաձայնված հաջողություններ, որոնք անվերապահորեն իրենց տեղը կգտնեն «Երիտասարդ»-ի հետագա հրապարակումներում։ Արդեն անցած տարիների ընթացքում «Երիտասարդ» առցանց պորտալը փորձել է մշտապես հավատարիմ մնալ երիտասարդներին աջակցելու իր առաջնահերթ տեսլականին՝ դառնալով այնպիսի հարթակ, որտեղ հայ երիտասարդությունը կարող է ազատորեն փնտրել եւ անպայման գտնել իրեն հետաքրքրող գաղափարներ, պատմություններ, բազում ծրագրերի մասին հայտարարություններ, հաջողակ ու երիտասարդ հայազգի հերոսներ, ձեռք բերել նոր համախոհներ եւ զարգացնել գիտելիքները երիտասարդական ոլորտի վերաբերյալ։ 

«Երիտասարդ»-ի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլեւ արտերկրում գտնվող երիտասարդների հաջողությունները։ Պատահական չէ, որ այն մերօրյա եւ ամենահաս լրատվական աղբյուրներից մեկն է։ «Երիտասարդ»-ը նաեւ մեծ տեղ է հատկացրել քաղաքամայր Երեւանից դուրս տեղի ունեցող իրադարձություններին։ «Երիտասարդ»-ի լուսանկարիչն ու թիմի անդամները բազմիցս եղել են մարզերում․ այնտեղ, որտեղ երիտասարդությունն է, որտեղ իսկապես եռում է իրադարձության երիտասարդական «կաթսան»...

Անցած 365 օրը «Երիտասարդ»-ի ընթերցողներին հնարավորություն է տվել կարդալու ավելի քան 900 նորություն, 45 հարցազրույց, 15-ից ավելի ոլորտային վերլուծական հրապարակումներ։ Քիչ չէ նաեւ պատկերասրահի համար արված աշխատանքների ծավալը. միայն անցած մեկ տարում 200-ից ավելի թարմացում է եղել «Պատկերասրահ» բաժնում։ Վստահորեն կարելի է ասել, որ բավականին արդյունավետ ու նշանակալից տարի էր՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունները՝ պայմանավորված թավշյա հեղափոխությամբ։ Վերջինս, ինչ խոսք, նաեւ հայ երիտասարդության կարեւոր հաղթանակն էր եւ չէր կարող անտեսվել «Երիտասարդ»-ի կողմից։

Անցած տարիներին «Երիտասարդ»-ը մեծ թվով գործընկերներ ու աջակիցներ ձեռք բերեց. պորտալը դարձավ բազմաթիվ նախաձեռնությունների, էքսկլյուզիվ նախագծերի ինֆորմացիոն հովանավորը եւ աջակիցը, զգալիորեն ամրապնդեց ունեցած կապերը, նոր ու սերտ կապեր հաստատեց տարբեր գործընկերների հետ: Այդ ամենի արդյունքում տարատեսակ նոր, ինքնատիպ գաղափարներ կրկին տեղ գտան երիտասարդական առցանց հարթակում։
 
Արդեն 9 տարի շարունակ «Երիտասարդ»-ը շարունակում է խթան հանդիսանալ, որ տարատեսակ ծրագրերում հայ երիտասարդների ներգրավվածությունը լինի հնարավորինս ակտիվ։ Հատկապես ընդգծելի է պորտալի՝ տարատեսակ պաշտոնական եւ մրցույթների մասին հայտարարությունների համար նախատեսված բաժինը։ «Հայտարարություններ» բաժնի ակտիվ թարմացումները հայազգի երիտասարդներին տեղեկություն հաղորդեցին տարբեր երիտասարդական ծրագրերի մասին, նաեւ իրենց մշտական բաժանորդներին ծանուցեցին հաջողված նախագծերի մասին...

«Երիտասարդ»-ի 9-ամյա գործունեության նշանակալի հաջողությունների թվում առանձնահատուկ տեղ ունի 2018 թ.-ին անցկացված «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն լրատվական նախագիծ անվանակարգում հաղթող ճանաչվելը։ Պակաս նշանակալի հաջողություն չէ 2018 թ.-ի սկզբին «Անտարես» հրատարակչության կողմից «Գրքի ընկեր» մրցանակին արժանանալը։ Ի դեպ, այսօր ՀՀ զինված ուժերում է ծառայում «Երիտասարդ»-ի ամենաընթերցասեր թղթակից Հովհաննես Վարդանյանը, ում «Անտարես»-ի կողմից շնորհվեց մրցանակ՝ գիրքն ու գրականությունը լավագույն լուսաբանելու անվանակարգում։

Առջեւում նոր, առավել հետաքրքիր տարի է սպասվում, քանի որ 365 օր անց «Երիտասարդը» կնշի 10-ամյակը, իսկ դա արդեն խոսում է պարտավորությունների եւ պատասխանատվության մասին։ Պորտալը շարունակում է մնալ Հայաստանի երիտասարդական ոլորտի գլխավոր տեղեկատուն, մշտապես անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնց գլխավոր շահառուները երիտասարդներն են։ Դա անցած 9 տարիների ձեռքբերումն է, որի մասին արժե նշել ու հիշատակել։ 9 տարի շարունակ երիտասարդական առցանց պորտալին հաջողվել է լավագույնը մնալ թիրախային ոլորտում։ Ամեն ամիս, իհարկե, ոչ պատահականության արդյունքում է «Երիտասարդ»-ն ունենում ավելի քան մի քանի հարյուր հազարի հասնող հաճախումներ եւ դիտումներ: 

Սիրելի՛ ընթերցող, երիտասա՛րդ, երիտասարդական առցանց պորտալը հետագայում նույնպես կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել երիտասարդական ոլորտը, հրապարակումներ ներկայացնել թիրախային լսարանի համար, գործել ակտիվ եւ թափանցիկ, քանի որ «Երիտասարդ»-ի աշխատակազմը շարունակաբար ավելի լավ տեսք է ստանում՝ մշտապես համալրվելով նորանոր երիտասարդ կադրերով՝ աշխատանքի հանդեպ մեծ պատասխանատվությամբ եւ սիրով։

Այսօր եկել է պահը մեծ ուրախությամբ ու սպասումներով նշելու «Երիտասարդ» առցանց պորտալի ծննդյան 9-րդ տարեդարձը, քանի որ սա այն ակնթարթն է, որն ամեն նորի մեկնարկն է տալիս։ Իսկապես հպարտանալ կարելի է, քանի որ ի սկզբանե, տարիներ առաջ հստակորեն նախասահմանված շատ նպատակներ 9-ամյա գործունեության արդյունքում իրականություն են դարձել, իսկ դա ազդանշան է, որ «Երիտասարդ»-ը նոր նպատակների սահմանման ուղի գծելու բացառիկ հնարավորություն ունի 10-ամյակը տոնելուց առաջ:

Սիրելի՛ ԵՐԻՏԱՍԱՐԴ, սա քո հաջողության տոնն է։ Շնորհավո՛ր տարեդարձդ։