Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-12-2018
Ամանորի սեղանը, ուտեստներն ու խմիչքները
Շատ կանանց համար Նոր տարին գլխացավանք է, քանի որ դրան նախորդող օրերը եւ անգամ Նոր տարին դիմավորելու վերջին րոպեները նրանցից շատերն անցկացնում են խոհանոցում՝ գազօջախի դիմաց: Ի՞նչ պատրաստել․ ահա գլխավոր հարցը, որ տանջում է կանանց:
Ամանորի սեղանի ուտեստները, կարելի է ասել, չեն փոխվում, պարզապես դառնում են առավել ախորժալի յուրահատուկ ձեւավորում ստանալուց հետո: 2019 թ. խոզի տարի է: Մեր՝ հայերիս սեղաններին «խոզի բուդը» մշտապես առկա է, ավելին՝ սեղանի կենտրոնում է դրվում: 

Աստղաբանները խորհուրդ են տալիս 2019 թ. եւս չխախտել ավանդույթը եւ սեղանին դնել խոզ, իսկ հայերի պարագայում ընդունված է ասել «բուդը»: Ծովամթերքից, մսեղենից պատրաստված ուտեստները եւ բազմազան աղցանները եւս 2019 թ.-ի սեղանից անմասն չեն մնա: 


 
Հատկապես աղցանների բազմազանությունը սեղանին պարտադիր է: Քանի որ խոզը շատ է սիրում կանաչեղեն, ապա դրա առկայությունը սեղանին եւս ցանկալի է: Բացի դրանից՝ կանաչեղենի տարբեր տեսակներով կարող եք զարդարել աղցաններն ու այլ ուտեստներ: Դրանք առավել գեղեցիկ եւ ախորժալի տեսք կհաղորդեն ուտեստներին: 
 
Դե՛, իհարկե, էլ ինչ տոնական սեղան առանց խմորեղենի: Այս տարի ցանկալի է, որպեսզի այն լինի մրգային տորթի տեսքով: 

Ինչ սեղան ընտրել Ամանորի ուտեստների համար

Ոչ միայն կարեւոր է ցանկալի ուտեստները պատրաստել եւ ձեւավորել, այլեւ այն, թե ինչպիսի սեղանի վրա կդրվեն դրանք: Եթե ձեր պլաններում Ամանորից առաջ սեղան գնելն է, ապա կարող եք ընտրել չինական ոճի սեղան: Դրանք կլոր սեղաններ են, կենտրոնական հատվածը պտտվում է, եւ հյուրերը կամ դուք ստիպված չեք լինում կանգնել, ձգվել, որպեսզի վերցնեք ձեր ցանկալի ուտեստը: Պարզապես կարող եք պտտել սեղանի կենտրոնական հատվածը, մինչեւ ձեր ցանկալի ուտեստը հայտնվի ձեր դիմաց: 


 
Հիշե՛ք պահպանման ժամկետի մասին
 
Որպեսզի խուսափեք առողջական խնդիրներ ունենալուց, ապա ուտեստները պատրաստե՛ք թարմ մթերքներով եւ ոչ շատ քանակությամբ: Հատկապես աղցանները կարող են դառնալ թունավորման պատճառ, քանի որ դրանցում առկա որոշ բաղադրիչներ 24 ժամից ավելի չպետք է մնան: Բացի դրանից՝ սնունդը պահե՛ք ոչ թե պլաստիկից տարաներում, այլ ապակյա: Խուսափե՛ք մեծ չափաբաժնով ուտելուց կամ ուտեստները իրար խառնելուց: 


Ինչ խմիչք ըմպել
 
Էլ ինչ Նոր տարվա սեղան առանց խմիչքի: Իհարկե, խմիչքներից գլխավոր դերում շամպայնն է, որը բացվում է, երբ հնչում են Նոր տարին ազդարարող զանգերը: Ի տարբերություն մյուս խմիչքների՝ շամպայնը պետք է սառն ըմպել: 
Քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ուտեստի հետ պետք է ըմպել համահունչ խմիչք: Օրինակ՝ ձկնեղենի հետ կարող եք ըմպել սպիտակ գինի:


Կարմիր գինին էլ համահունչ կլինի այլ մսամթերքներով պատրաստված ուտեստների համար: 

Նկատառում։ Գինեգործները խորհուրդ են տալիս կարմիր գինին մատուցելուց առաջ չսառեցնել, քանի որ նրա համն ամբողջությամբ կարող եք զգալ եւ վայելել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: 


Եթե դուք կոնյակի սիրահար եք, ապա դրա հետ իդեալական կլինի պանրի տարբեր տեսակների համտեսումը: Քաղցրավենիքն ու աղանդերն էլ կարող եք համտեսել թեյով կամ սուրճով: 

Եվ ամենակարեւորը՝ փորձե՛ք չչարաշահել խմիչքը՝ առողջական խնդիրներից խուսափելու համար: