Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 24-12-2018
Ընթերցողի սեղանին կդրվի «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գիրքը
Ընթերցողի սեղանին կդրվի Թամարա Ավանեսյանի «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գիրքը:
Գործարար հարաբերությունների ողջ ներկապնակը ներկայացնող գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 18:30 Երեւանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: 

«Բիզնես էթիկան գործարար մարդու վարվեցողության կանոնների ընդհանուր նկարագիրն է, որը գործունեության մեջ է դրվում գործարար հարաբերություններում: Գրքի շնորհիվ բիզնես հասարակությունը կծանոթանա բիզնես էթիկայի կանոններին, կկիրառի դրանք եւ մեծ հաջողությունների կհասնի դրանց շնորհիվ:  Գիրքը գրված է պարզ լեզվով, որպեսզի հասանելի լինի ցանկացած մասնագիտության տեր անձի համար»,-նշում է Թամարա Ավանեսյանը: 

Գրքի հեղինակը նշում է, որ Հայաստանում որոշ կազմակերպություններ արդեն իսկ սկսել են կիրառել են բիզնես էթիկայի կանոնները: Անգամ որոշ կազմակերպությունների աշխատողների պահանջների բնութագրերում նշված է, որ բիզնես էթիկայի իմացությունը պարտադիր է, ինչը բավականին ոգեւորող  է: 

Շնորհանդեսի շրջանակում Ավանեսյանը թրեյնինգ կանցկացնի երկու արդիական թեմայով՝ ինչպես ճիշտ վարել գործնական հանդիպումներ եւ ինչպես մասնակցել աշխատանքային հարցազրույցին: Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է: 

Թամարա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, հաշվապահ: Բիզնես էթիկայի մասին գիրքը գրելու մտահաղացնումը նրա մոտ առաջացել է այն ժամանակվանից, երբ նա սկսել է հաճախել էթիկայի դպրոց: Այդ ընթացքում նա սկսել է ուսումնասիրել էթիկան եւ հասկացել, որ բիզնես էթիկայի ոլորտը մեզ մոտ շատ բաց է, եւ գրեթե ոչ մի կազմակերպություն չի կիրառում բիզնես էթիկայի կաննոները: 

Լինելով բիզնես ոլորտում՝ Թամարային շատ են գրավել այդ կանոնները, քանի որ բազմիցս շփվելով կազմակերպությունների հետ, նկատել է, որ հիմնական մասն անգամ չգիտի, թե ինչ է բիզնես էթիկան: