Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Արուսյակ Փաշիկյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարները՝ Արուսյակ Փաշիկյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 24-12-2018
«Արվեստը լույս է»․ Արուսյակ Փաշիկյան

Ասում են՝ նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է։ Նկարչուհի Արուսյակ Փաշիկյանը, ամեն անգամ վրձնին նոր գույներ հաղորդելով, առաջնորդվում է հենց այդ զգացողությամբ։ Նա կյանքի ու բնության նկարագիրը տալիս է նկարելով ու փորձում այդ ձիրքը փոխանցել իր սաներին։
Երիտասարդ արվեստագետը, ավարտելով ԵՊՄՀ-ի գեղդաստիարակության կերպարվեստի բաժինը, որոշում է իր փորձը կիրառել հենց իր ծննդավայրում՝ սահմանամերձ Կողբ գյուղում։ Արդեն իսկ կենսակերպ դարձած աշխատանքի արդյունքներն էլ զուգահեռ ներկայացնում է տարբեր ցուցահանդեսներում։
Մեր զրուցակիցն է նկարչուհի Արուսյակ Փաշիկյանը։
- Ո՞րն էր այն առանցքային պահը, երբ որոշեցիք Ձեր ճանապարհը շարունակել որպես նկարչուհի:
- Դեռ մանկուց ես սիրում էի արվեստի տարբեր ճյուղերը՝ երաժշտություն, պար, կերպարվեստ: Նկարում էի գրեթե ամբողջ օրը, անգամ՝ դպրոցական տետրերում եւ վստահորեն գիտեի, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու:

- Կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ ինչ-որ բան ստեղծելիս ունի իր մոտեցումներն ու տեխնիկան։ Ձեր պարագայում ո՞րն է դա։
- Իմ ուրույն տեխնիկան ձեւավորվել է ստեղծագործական փորձի արդյունքում: Ես ստեղծագործում եմ տարբեր ժանրերում: Շատ եմ սիրում նկարել հենց բնության գրկում: Ինձ առանձնահատուկ գրավում են մեր հայրենի բնության գույները:
- Կներկայացնեք Ձեր մեկ նկար ստեղծելու աշխատանքային գործընթացը։ Ինչի՞ց եք ոգեշնչվում, սկսում եւ ավարտում։
- Եթե ես ոգեշնչվեցի ինչ-որ բանով, ապա այդ ոգեշնչման աղբյուրով տարվում եմ մինչեւ վերջ ու աշխատանքից առանց կտրվելու՝ ավարտին եմ հասցնում գործը: Մի անգամ, երբ բնության մեջ էի նկարում, մի ծեր կին դարձավ իմ զրուցակիցը եւ միաժամանակ բնորդը: Նա իր գործն էր անում: Մենք միաժամանակ ավարտեցինք մեր գործերը, եւ նկարը ողողվեց իմ բնորդուհու եւ մեր զրույցի ջերմությամբ: Այդպիսով՝ ամեն մի նկար ունի իր փոքրիկ պատմությունը:
- Ես արվեստագետի ներաշխարհը նմանեցնում եմ մեծ լաբիրինթոսի հետ, որն այնքան խորն է․․․ Ի՞նչը կարող է ազդել եւ փոխել Ձեր ներաշխարհը՝ ազդելով նաեւ Ձեր արվեստի վրա։
- Ստեղծագործող մարդիկ, ինչպես նաեւ ես, ազդեցություններով լի ճանապարհ են անցնում: Իմ վրա մեծ ազդեցություն են ունենում թե՛ բնության ուժը, թե՛ մեծ արվեստագետների անցյալի փորձը, թե՛ ներկա ժամանակաշրջանում կատարվող իրադարձությունները…

- Ո՞ր դարաշրջանում կցանկանայիք ստեղծագործել։
- Ճիշտ է, երբեմն մտքով գնում եմ դեպի իմպրեսիոնիստների ժամանակները, նկարում եմ նրանց հետ, բայց ստեղծագործելու համար իդեալական եմ համարում ներկայիս ժամանակաշրջանը՝ ազատության եւ բազմաթիվ այլ հնարավորությունների առումով:
- Ընդունո՞ւմ եք արդյոք ազատ արվեստ հասկացությունը։ Այսօր շատ են տարածված street, վիզուալ արվեստները․․․
- Ես ազատ եմ վերաբերում ժամանակակից արվեստի տեսակներին, բայց ամեն ինչ չէ, որ լուրջ արվեստի գործ եմ համարում: Եթե արվեստագետն ասելիք ունի, նա պետք է դա ասի՝ անկախ կատարման տեխնիկայից ու նյութից…
- Արո՛ւս, ներկայում ի՞նչ գործունեություն եք ծավալում։ Ի՞նչ եք նկարում։
- 2003 թվականից դասավանդում եմ Կողբի գեղարվեստի դպրոցում: Նշեմ, որ այն, դպրոց լինելուց բացի, իմ եւ իմ ընկերների արվեստանոցն է: Այդտեղ մեր ջանքերի շնորհիվ ստեղծել ենք նկարազարդ ձեռագործ աշխատանքների «Երեքնուկ» ստեղծագործական խումբը, որի շրջանակում աշխատում ենք արդեն տասը տարի եւ ունենք բազմաթիվ համագործակցություններ։
Այդ ամենից զատ՝ ես ստեղծագործում եմ: Ներկայում դիմանկարների շարք եմ անում, ինչպես նաեւ կոմպոզիցիաների էսքիզներ, որոնք պետք է զարգացնեմ եւ տեղափոխեմ կտավների վրա:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա արվեստագետներին։
- Թե՛ ներկա, թե՛ ապագա արվեստագետներին իմ խորհուրդն է՝ իրենք իրենց արվեստի հետ լինեն անկեղծ եւ խուսափեն ցուցադրական լինելուց։
- Եվ վերջում․․․ Ի՞նչ է Ձեզ համար արվեստը մեկ բառով։
- Արվեստը լույս է: