Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-12-2018
Հանդիպում՝ նվիրված Երեւանի համար 135 դպրոցի շինարարությանը
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Կառավարության եւ քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի հետադարձ կապի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված Երեւանի համար 135 դպրոցին:

Ծրագիրն այս տարվա փետրվարից իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: 

Այն կոչված է նպաստելու հանրակրթական 6 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետությանը, դպրոցների սեյսմակայունության մակարդակի բարձրացմանը:  



«Կառավարության եւ քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի հանրային կապերի պատասխանատու Անի Թովմասյանը Eritasard.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրում ներառված 6 դպրոցներից «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն համակարգում է Արարատի մարզի Նոր Խարբերդի հանար 2 եւ Երեւանի համար 135, համար 153 դպրոցների շինարարության մշտադիտարկման գործընթացները: Եվս երեք մարզային՝ Կապանի, Վանաձորի եւ Գավառի դպրոցների շինարարության մշտադիտարկման գործընթացներն էլ իրականացվում են գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: 



Անի Թովմասյանի խոսքով՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն նշված դպրոցներում ամիսներ առաջ սկսել է մոնիթորինգային ծրագրեր իրականացնել. «Աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. այցելում ենք շինհրապարակներ մշտադիտարկողների հետ: Նրանք շահառուներ են, որոնք վերապատրաստվել են եւ կամավոր հիմունքներով ամեն շաբաթ այցելում են շինհրապարակներ, արձանագրում իրավիճակը, ծագած խնդիրները: Մենք ունենք փակ աշխատանքային խմբեր, որոնցում ներառված են շինարարներ, մշտադիտարկողներ, ներկայացուցիչներ դպրոցներից,  քաղաքապետարանից կամ համայնքապետարանից, մարզպետարանների կրթության, քաղաքաշինության վարչություններից եւ այլն: Այսինքն՝ փորձել ենք ներառել բոլոր շահագրգիռ կողմերին: Պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում, որոնց ժամանակ էլ բարձրաձայնում ենք, թե  ամեն շաբաթվա այցերի արդյունքում ինչ ենք դիտարկել, փորձում ենք հասկանալ, թե ով է խնդրի հասցեատերը, քննարկում դրանց լուծման ուղիները, ապա արձանագրություն ենք պատրաստում եւ հրապարակում հոդվածի տեսքով»: 



Երեւանի համար 135 դպրոցի շինարարությանը նվիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին իրականացված աշխատանքները, անդրադարձ կատարվեց մինչ օրս հայտնաբերված խնդիրներին, հետագա անելիքներին:  

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին եւ 21-ին տեղի են ունեցել հետադարձ կապի հանդիպումներ՝ նվիրված Նոր Խարբերդի համար 2 եւ Երեւանի համար 153 դպրոցների շինարարությանը: