Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-12-2018
«Երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկտեղեց երաժշտասեր հանրությանը. կայացավ իտալացի հանրահայտ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Տարեվերջյան ամփոփիչ համերգը, որը հարուստ էր գեղեցիկ անակնկալներով, հանդիսատեսի կողմից աննախադեպ ջերմությամբ ընդունվեց: 

«Տարին ամփոփում ենք Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ՝ արդեն ավանդական դարձած համատեղ համերգով: Տոնական տրամադրությամբ, սիրված արտիստի հետ սիրված երաժշտություն ենք ներկայացնում: Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի  հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Նա սիրված է ոչ միայն նվագախմբի, այլեւ հասարակության կողմից: Հանրությունը ճանաչում է արտիստին եւ անհամբեր սպասում նրա ելույթներին: Երկար տարիներ աշխատելով նրա հետ՝ կարող եմ ասել, որ քիմիան հաջողված է արտիստների միջեւ, դա է պատճառը, որ միշտ սպասում ենք մեր համատեղ համերգին, որպեսզի դրական լիցքերով ամփոփենք տարին: Բոլորը կտեսնեն, թե ինչ է տեղի ունենալու բեմում: Եվ հավանաբար այդ հաջողությունն է մեզ  ոգեւորում, որպեսզի գալիք տարում եւս հավատարիմ մնանք ավանդույթին»,- մեզ հետ զրույցում նշեց  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: 

Համաշխարհային ճանաչում ունեցող բանդոնեոնահարը բազմիցս պատմել է Հայաստանի եւ  հայերի նկատմամբ իր ջերմ զգացմունքների, մեծ սիրո մասին: Առաջին տարին չէ, որ ճանաչված երաժիշտը Սուրբ Ծննդյան տոներն ու իր տարեդարձը տոնում է Հայաստանում:  

Մեր երկրի նկատմամբ սիրո ու ջերմության մասին Մարիո Պիետրոդարկին պատմեց նաեւ Eritasard.am-ին. «Հայաստանի հետ իմ կապը, կարելի է ասել, սկիզբ առավ այն պահից, երբ առաջին անգամ  իտալացի պոետ, սցենարիստ Տոննիո Գուերրայից լսեցի ձեր երկրի մասին: Նա ամեն րոպե, ամեն վայրկյան այնպիսի հիացմունքով էր խոսում ձեր հայրենիքի մասին, որ անհնար էր անտարբեր մնալ: Եվ վերջապես իմ կապն ամրապնդվեց այն պահից, երբ տասը տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ես վերջապես եկա Հայաստան: Այստեղ շատ ընկերներ ունեմ, եւ դա հիանալի է. կարծում եմ, որ ընկերները կարեւոր «նվեր» են: Ես շարունակում եմ գալ Հայաստան, քանի որ այստեղ ինձ հրաշալի եմ զգում: Չնայած հեշտ չէ Սուրբ Ծննդյան տոնի շրջանում հեռու գտնվել ընտանիքից ու հարազատներից, բայց այս երկիրը ինձ այնքան շատ սիրեց... Եւ ես ուղղակի երջանիկ եմ, որ այստեղ եմ»: 

Անակնկալներով հարուստ համերգային երեկոյի ընթացքում հնչեցին մի քանի ստեղծագործություններ՝ Էննիո Մորիկոնեի կինոերաժշտությունից, Մարտին Պալմերի «Տարվա եղանակները», Ռոբերտո դի Մարինոյի՝ բանդոնեոնի եւ կամերային նվագախմբի համար գրած կոնցերտը, Աստոր Պիացցոլայի «Tangazo»-ն, «Le Grand Tango»ն: Համերգի ողջ ընթացքում երաժիշտն իր ապրումներն ու հույզերը բոլորինը դարձրեց, հանդիսատեսին վարակեց անսահման դրական լիցքերով: 

Նա իր երախտագիտությունը հայտնեց մաեստրո Սերգեյ Սմբատյանին եւ նվագախմբին, ապա նշեց. «Ես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ հեշտ չէ Սուրբ Ծննդյան տոնի շրջանում հեռու գտնվել ընտանիքից եւ սիրելի մարդկանցից: Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ես հիմա Իտալիայում չեմ, ինչո՞ւ իմ ընտանիքի հետ չեմ: Պատճառն այն է, որ Հայաստանը եւս ինձ համար հրաշալի ընտանիք է»: 

Ծրագրով նախատեսված ելույթի ավարտից հետո հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ ու հոտնկայս, բուռն ծափերով պարզապես թույլ չէր տալիս արտիստին հեռանալ բեմից: Հնչեցին եւս մի քանի ստեղծագործություններ: «Ավե Մարիա»-ն Պիետրոդարկին նվիրեց վերջերս կյանքից հեռացած պապի հիշատակին: Ապա հնչեց Կառլոս Գարդելի «Por una Cabeza» հանրահայտ տանգոն, իսկ որպես ամփոփում՝ Աստոր Պիացցոլայի նշանավոր «Libertango»-ն: Հատկապես վերջին ստեղծագործությունը երկար սպասված էր հանդիսատեսի կողմից եւ ուղեկցվեց բուռն ու չդադարող ծափահարություններով: 

Պատկերասրահ՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը