Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից
Տեղադրվել է 27-12-2018
«Խրամատից` հավերժություն». կապիտան Արմենակ Ուրֆանյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:

Այս անգամ շարքի հերոսը ՀՀ եւ ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն է: 2016 թ.-ի ապրիլյան մարտական գործողությունների տարեգրության ամենահիշարժան դրվագներից մեկը, անշուշտ, 116 մարտական դիրքի անձնակազմի (կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ) հերոսական մաքառումն է: 

Ճակատագրական գիշերը հրամանատարն առաջնագծում էր՝ դիրքապահների կողքին: Թշնամու հարվածն ուժգին էր, դիրքի անձնակազմի պայքարը՝ անզիջում: 

Կապիտան Ուրֆանյանը՝ հմուտ, բանիմաց հրամանատարն ու պատվախնդիր սպան, հանուն դիրքի անառիկության, հանուն հայրենիքի անվտանգության կյանքը զոհելու պատրաստ մարտիկը, արժանապատվորեն կատարեց մարտական խնդիրը եւ զոհվեց իր զինվորների հետ: 



«Այս տանը երկուսով ենք ապրում՝  ես ու  Արմենակը…»


Սենյակում արտասովոր տաք է. կողք կողքի դրված մեծադիր լուսանկարներից աներեւույթ ջերմություն է ճառագում, ապա ընդլայնվում, սփռվում է տանը, բակում, ամենուր... 

Սենյակում կիսատ թողած կյանք կա, ու թվում է՝ շարունակությունն անխուսափելիորեն պետք է լինի: Թվում է՝ ինձ հայտնի հերոսական պատմությունն առասպել է, անցած 2 տարիներն օրացույցից ջնջվել են, կապիտան Ուրֆանյանն էլ ծառայության վայր է մեկնել ու շուտով կվերադառնա: 

«Այս տանը երկուսով ենք ապրում՝ ես ու Արմենակը»,- ասում է Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը: Հետո կարծես ինչ-որ բան է հիշում: Ժպտում է. «Երբ տուն էր մտնում, պատերը կենդանանում էին, տաքանում, շնչում: Շուրջբոլորն ասես լույսեր էին ճառագում»:  
Մայրը լռում է: Լռում ենք: Թվում է՝ եթե շրջվեմ, սենյակի դռների մեջ կտեսնեմ կապիտանի հաղթ հասակը՝ զինվորական համազգեստով: Կգա, որ ապրի կիսատ թողած կյանքը… 



Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ.-ի հունվարի 28-ին մայրաքաղաքում: Նորածին տղան ընտանիքի առաջնեկն էր, եւ նրան կնքեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արմենակ պապի անունով:

Կրտսեր որդու դուստրը՝ Էդիտան, հաճախ է տիկին Համեստին մտովի վերադարձնում երանելի անցյալ՝ Արմենակի մանկություն: Փոքրիկը շատ բաներով է հիշեցնում հորեղբորը. նրա նման աշխույժ է, բայց համեստ, անհանգստություն չպատճառող:

«Դեռ մանկուց որդիներս չափազանց կապված էին միմյանց հետ` երկվորյակների նման: Ամենուր միասին էին: Ինչպես բոլոր երեխաները, որդիներս էլ երբեմն մանկական չարաճճի արարքներ էին կատարում, եւ, որպես կանոն, նախաձեռնողը միշտ Արմենն էր: Նա էր ուղղորդում եղբորը՝  երկուսի ցանկությունը կատարելու՝ վստահ լինելով, որ Ֆրանցը փոքր է, արարքն անպատիժ է մնալու: Սակայն գրեթե միշտ ինքն էր «պատժվում»՝ որպես «կազմակերպիչ»: Տան պատերից դուրս էլ Արմենը եղբոր թիկունքն ու պաշտպանն էր: Ինչքան մեծացավ, տարիների հետ բնավորության այդ գիծն ավելի ամրապնդվեց»,-պատմում է տիկին Համեստը: 



Չկար մի մարզաձեւ, որի նկատմամբ Արմենակն անտարբեր լիներ. զբաղվել է տարբեր մարզաձեւերով՝ բասկետբոլով, լողով, թեքվանդոյով, ձյուդոյով, սամբոյով… Դեռ մանկուց կոփում էր իրեն, եւ հաջողություններն այդ ասպարեզում երկար սպասեցնել չէին տալիս: 

Պապը երազում էր, որ առաջնեկ թոռը ճանաչված ֆուտբոլիստ դառնա, բայց Արմենակն այլ երազանքներ ուներ: Դեռ վաղ մանկական խաղերից ակնհայտ էր ռազմական գործի հանդեպ հետաքրքրությունը: Զենքերը, հատկապես թրերը նրա սիրելի խաղալիքներն էին: 

«Զինվորական ուղին ընտրելու նրա ցանկությունը հասուն որոշում էր»

1992 թ.-ից Ուրֆանյանների ընտանիքը բնակություն  հաստատեց ՌԴ-ում՝ հյուսիսային մայրաքաղաքում: Հայրենիքից ֆիզիկապես հեռու լինելը, սակայն, խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի մայրը որդիներին վաղ մանկությունից  հայրենասիրական ոգով դաստիարակի: Տիկին Համեստը հաճախ էր որդիներին պատմում հայոց պատմության հերոսական դրվագների, մեծ հաղթանակների, հայտնի զորավարների մասին: 

«Երբ Սանկտ Պետերբուրգում էինք բնակվում, հաճախ էինք անցնում Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով: Ամեն անգամ Արմենակը հետաքրքրությամբ էր նայում ուսումնարանի շենքին: Երբ փոքր-ինչ մեծացավ, սկսեց հետաքրքրվել՝ ինչ շենք է, ապա հայտարարեց, որ ցանկանում է այնտեղ սովորել: Հետաքրքրվում, հարցեր էր տալիս մեր ճանապարհին հանդիպած բոլոր արձանների մասին՝ ո՞վ է, ինչո՞վ է հայտնի: Զգում էի՝ Արմենակը տարված էր զինվորական թեմաներով, եւ դա սովորական հետաքրքրությունից ավելին էր: Ընտանիքում զինվորականներ չենք ունեցել, մեր մեծերը շինարարներ են եղել: Երբ Արմենակն ավարտեց 9-րդ դասարանը, հարցրի՝ ի՞նչ ես որոշել դառնալ, ու վստահ ավելացրի՝ շինարա՞ր: Մտածեց, մտածեց ու ասաց. «Չէ՛, զինվորական եմ ուզում դառնալ»: Զինվորական ուղին ընտրելու նրա ցանկությունը հասուն որոշում էր»,- հիշում է կապիտան Ուրֆանյանի մայրը:  



«Եթե ուզում ես զինվորական դառնալ, կծառայես հայրենիքիդ…»


«Երբ համոզվեցի, որ Արմենակը չափազանց վստահ է իր որոշման մեջ, ասացի՝ եթե ցանկանում ես զինվորական լինել, ապա՝ միայն հայրենիքում: Օտար երկրում չես մնա, կծառայես հայրենիքիդ»,- հավելում է տիկին Համեստը: 

Արմենակն ուրախությամբ վերադարձավ Հայաստան եւ իր երազանքի հետքերով ընդունվեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Որոշ ժամանակ անց վերադարձավ նաեւ ընտանիքը: 

Մայրը շարունակում է. «Ցանկանում էր պարտադիր առաջնագծում ծառայել: Միշտ այդ մասին էր խոսում: ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելով՝ ծառայության անցավ Մարտակերտում: Արմենակի բանակային կյանքի մասին անվերջ կարելի է խոսել: Անսահման նվիրված էր ծառայությանը: Ծառայակից ընկերները, զինվորները պատմել են, թե որքան ուշադիր, հոգատար, սպայի կոչմանն իսկապես արժանի զինվորական է եղել: Փոխադարձ հարգանքի, վստահության վրա է կառուցել իր  եւ զինվորների  փոխհարաբերությունները: Երբեմն հարցնում էի․ «Տղա՛ս, այդքան միմյանցից տարբեր զինվորների հետ ինչպե՞ս ես լեզու գտնում»: Հետո հասկանում էի, որ երբ նա խոսում է, անհնար է նրան չլսել: Զինվորները հարգում էին իրենց հրամանատարի խոսքը: Որդիս ամբողջ էությամբ նվիրված էր ծառայությանը: Հպարտանում էր, որ զինվորական է, որ այդ համազգեստն է կրում: Արմենակս բարձրահասակ էր, հաղթանդամ: Հասակը 1 մետր 90 սմ էր: Երբ համազգեստ էր կրում, այնքա՜ն գեղեցիկ էր, ասես այն հենց իր համար լիներ կարված»: 



Վերջին անգամ…

Արմենակ Ուրֆանյանը վերջին անգամ տուն վերադարձավ ապրիլյան մարտական գործողություններից մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին: 

«Ընդամենը մեկ օրով էր եկել. Սուրբ Հարության տոնն էր, պիտի միասին գնայինք նշանածի տուն: Նշանադրվել էր Գոհարիկի հետ: Այնքան երազանքներ ունեին…»,- տիկին Համեստը լռում է, դժվարանում է շարունակել:  

Մեկ օր անց Արմենակը վերադարձավ ծառայության վայր: Վերջին անգամ զանգահարեց ապրիլի 1-ին: Մոր հետ խոսակցությունը սկսեց ապրիլմեկյան կատակով. «Մա՛մ, տղեդ «չեպե» է արել, ինձ զորացրում են, գալիս եմ տուն»: 



Հաշված ժամեր անց սկսվեց պատերազմը…

2016 թ.-ի ապրիլմեկյան գիշերվա խաղաղությունը խաթարվեց հանկարծահաս պատերազմով: Շատերն ընկան հերոսի մահով: Այն, ինչ կատարվեց ՊԲ հյուսիսարեւելյան ուղղության 116 դիրքում, անիրական, գրքային պատմություն է հիշեցնում. ուժերի խիստ անհավասարության պայմաններում հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ մինչեւ վերջին շունչը պայքարեց, արեց անհնարինը՝ կանխելով թշնամու հեռահար նպատակի իրականացումը, փոխելով իրադարձությունների ընթացքը:  

Ժամանակը կանցնի, 116 դիրքի անձնակազմի հերոսական պայքարը դրվագ առ դրվագ կմնա պատմության մեջ, Արմենակի, Ռոբերտի, Անդրանիկի, Քյարամի անունները՝ սերունդների սրտերում:  



 «Ես բանակի տղեն  եմ...»

«Մի անգամ, երբ երկար ժամանակ հեռախոսազանգերս անպատասխան մնացին, սկսեցի անհանգստանալ: Թեպետ միշտ ներքին վստահություն եմ ունեցել, որ Արմենակին ոչինչ չի պատահի: Որոշ ժամանակ անց զանգահարեց, երբ ասացի, որ շատ եմ անհանգստացել, պատասխանեց. «Ես արդեն քո տղեն չեմ, ես բանակի տղեն եմ: Չպիտի անհանգստանաս»,- հիշում է հերոս կապիտանի մայրը: 

Հետաքրքիր զուգադիպությամբ «բանակի տղեն» ծնվել էր հունվարի 28-ին…