Նյութը՝ Կարինե Սահակյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-12-2018
Ստեղծարար քաղաքի երիտասարդության խորհրանիշը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի «Երիտասարդ աշխատող» անվանակարգում:
Հայրենիքն այսօր մեզանից զինվոր է պահանջում, զինվոր նաև հոգեւոր կյանքի խրամատներում, երբ ամեն օր մի քայլ առաջ գնալը դառնում է կեցի ու գոյի խորհուրդ
Այս համատեքստում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը (այսուհետ՝ ԵՆԿ)՝ 10-ամյա ճանապարհ անցածի թիկնոցով, դեկտեմբերի 22-ին՝ ամենաերկար ցայգի ու ամենակարճ տիվի օրը, ամփոփեց հասարակական կյանքում իր ձեռքբերումներն ու նվաճումները՝ հաստատելով ներկայի մատրիցան եւ ուրբանիզացված ապագան՝ այսպիսով, անցնելով հետարդիական ժամանակների լրջագույն փոփոխությունների շեմը:

Շեմն անցնողի համարձակությամբ եկել, ինքնահաստատվել է երիտասարդաց նոր սերունդ, որն ըստ էության ճշտել է իր գործունեության առաջնահերթությունները 21-րդ դարի վեկտորներում: 

ԵՆԿ-ն հոբելյանական շնորհանդեսին ներկայացավ իր բեղուն միջուկով, արդեն իսկ իրականացրած ծրագրերով ու ոլորտային գործունեությամբ:

Անտարակույս, իրականացված միջազգային ծրագրերի բաբախը ԵՆԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանի մտքի ձեռագրով է, որն իր համախոհ հինգ ընկերների հետ ըմբռնեց ժամանակի ոգին՝ առաջարկելով էութենական քայլեր՝ երիտասարդների կյանքին համաշեշտ: 

Կյանքի զարկերակը բռնած, պատվիրանապահ, վերելքի երգեր երգող. այսպես կարելի է բնութագրել Ա. Նաջարյանի հմայատիպը, որը կարողանում է երիտասարդական ներուժը համախմբել մի վայրում՝ յոթնագմբեթ Գյումրի քաղաքում…

Ամենեւին էլ պատահական չէ, որ հոբելյանական առիթով ստացած բազմաթիվ ուղերձների մեջ նրան նույնականացնում են ԵՆԿ-ին, որը հսկայական աշխատանք է կատարել ազգային երիտասարդական քաղաքականության մշակման առումով. «Այսօր աշխարհում մշակվում են մոլորակի երիտասարդության կոմպետենցիաները, որով էլ կարող ենք արխիվների արխիվացմամբ ապագայի հիշողության տեսլականը կազմել»: 

Գյումրի քաղաքի կենսական ուժը երիտասարդն է: Ստեղծարարությունը նրա մտքի տարածությունն է՝ բազում մտքերի տարածությունների առկայությամբ: Ըստ էության, մշակույթը եւ կրեատիվությունն այս քաղաքում ներհյուսված են: Ստեղծարարությունը կենսուժ է, որ մշտապես օգնում է երիտասարդներին ապրելու՝ ավանդույթի սահմաններն ու մշակութային կարծրատիպերը հաղթահարելով: 

Ինչ խոսք, անցյալի ժառանգությունն ընդունակ է ոգեշնչելու եւ ապագայի հանդեպ վստահություն ներշնչելու: Այս համատեքստում ԵՆԿ-ն ճշտել է, թե ինչպե՛ս է ձևավորվում քաղաքը նորարարությունների կենտրոն դարձնող երիտասարդների միջավայրը: 

Կազմակերպությունը տարիների ընթացքում մշակել է Գյումրու երիտասարադական քաղաքականության առաջնահերթությունները երիտասարդների կարիքների ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ: Աջակցել է Գյումրու երիտասարդների կյանքի բարելավմանը, ձևավորել երիտասարդության քաղաքականության իրավիճակի մեթոդաբանություն, անդրադարձել Գյումրու երիտասարդության խնդիրների քարտեզագրմանը: 

Ըստ ԵՆԿ-ի՝ Գյումրին տոհմիկ արժեքների քաղաք է՝ պատմական հիշողության դարձով, եւ չի կարելի այն ընկալել տարերային բռնկմամբ: Նրան բնորոշ մշակութային ընդհանուր ֆոնը երիտասարդների ստեղծագործական գենի յուրօրինակ շարունակությունն է: 

Երիտասարդ-սոցիում հարաբերություններն են թելադրում մեր ստեղծագործ լինելը, որը, ըստ էության, անսովոր գաղափարների ընդունակությունն է մտածողության ավանդական կարծրատիպերից դուրս, պրոբլեմային իրավիճակից ելք գտնելու կարողությունը, էապես նորի որոնումն է ոչ ստանդարտ մոտեցումներով՝ ի հակակշիռ առօրեականության:

«Այն տեղը, որտեղ մենք ապրում ենք, կարող ենք ավելի լավը դարձնել մարդկային կյանքի նոր որակների որոնմամբ»,-այսպես է խորհում ստեղծարար քաղաքի երիտասարդության խորհրդանիշը: