Նյութը՝ Ռոզա Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-03-2019
Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է
Այսօր՝ մարտի 27-ին, ամբողջ աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում:

Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: Այս տոնն ավանդաբար նշվում է հետեւյալ խորագրով` «Թատրոնը որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց»:

Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջեւ ընկերության եւ խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաեւ աշխարհի բոլոր թատերական համույթների միջեւ համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն 1962 թվականին:

Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային միությունն ստացել է  արդեն 1959 թվականին:

«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» (θέατρον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձեւավորողների եւ նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է: Դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող եւ թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից: Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...»: 

Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը նույնպես ամեն տարի նշվում է մարտի 27-ին: Այդ օրը Թատերական գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում են թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները: