Նյութը՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամից
Տեղադրվել է 30-03-2019
Քննադատական մտածողության դպրոց 2019. ընդունվում են հայտադիմումներ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ից 14-ը ԵՀՀ գրասենյակում։

Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք. պարապմունքները կիրականացվեն առաջատար մասնագետների կողմից։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Դպրոցի խնդիրներն են՝
նպաստել մեդիագրագիտության տարածմանը,
խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը՝ ավելի գիտակից մեդիա սպառող և գրագետ մեդիա արտադրող դառնալու համար,
ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, վերլուծել դրանց վտանգները և ազդեցությունը  լսարանի վրա,
տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար,
ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին,
անդրադառնալ Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում:

Դիմելու կարգը

Խնդրում ենք դիմորդներին (18-30 տարեկան) լրացնել առցանց դիմումը մինչև ս.թ. մարտի 31-ը:

Gmail-ի օգտատերերին խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։

Ոչ Gmail-ով դիմորդների համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը և ուղարկեն իրենց ՍՎ/ռեզյումեն tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. անուն ազգանուն»։

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց»։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, շրջաններից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր: