Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-04-2019
Ի՞նչ զվարճալի անակնկալներ մատուցել ապրիլի 1-ին
Ապրիլի 1-ը երգիծանքի եւ ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում:
Հումորն ու կատակները մարդկանց ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում: Նույնիսկ մշտապես լուրջ մարդիկ անմասն չեն մնում այս տոնից, իսկ նեղացկոտները տարվա մեջ մեկ օր որոշում են ոչ թե նեղանալ, այլ հակառակը` զվարճանալ` վրեժ լուծելով իրենց նեղացնողներից: 

Սիրում եք կատակնե՞ր, ուզում եք զվարճանա՞լ, «սարքել» ձեր ընկերների, ծանոթների գլխի՞ն, ուրեմն ձեզ առաջարկում ենք մի քանի տարբերակներ.
 
Կարտոֆիլով պաղպաղակ
 
Շատերի սիրելի մրգային, շոկոլադե կամ վանիլային պաղպաղակն ապրիլի 1-ին կարող է վերածվել կարտոֆիլով պաղպաղակի: Լցրեք բաժակի մեջ կարտոֆիլի պյուրե, գեղեցիկ զարդարեք այն եւ մատուցեք ձեր կոլեգաներին: Ավելին՝ ձեր գործընկերները գուցե ձեզ շնորհակալություն հայտնեն` իրենց քաղցը հագեցնելու համար: 
 
 

 
Շրջափակում` աշխատասենյակում
 
Մտածում եք` ինչպե՞ս կհասցնեք այսքան արագ շրջափակում կազմակերպել ձեր ղեկավարի աշխատասենյակում: Հոգ չէ, համագործակցեք ձեր գործընկերների հետ: Բայց հաշվի առեք բոլոր ռիսկերը, քանի որ ձեր ղեկավարը գուցե շատ զայրանա, եւ ձեր ապրիլմեկյան կատակն ավարտվի աշխատանքից ազատման դիմում գրելով: Հուսանք` մեկ օրով: 


 
Գունավոր մեքենա
 
Գունավոր թղթերով զարդարեք ձեր գործընկերոջ կամ ծանոթի մեքենան: Աշխատեք ընտրել գեղեցիկ և համադրելի գույներ և որեւէ հարմար հատվածում գրեք նրա անունը: Վարորդը երկու տարբերակ ունի` կամ ուշանալ աշխատանքից, պոկելով թղթերը, կամ երթեւեկել այդ տեսքով, սակայն ժամանակին հասնել աշխատանքի: 


 
Դոնդող` խմիչքի փոխարեն

Իսկ ո՞վ է ասել, որ սրճարաններում, ռեստորաններում եւ առհասարակ ժամանցի վայրերում ապրիլի 1-ին չեն կարող կատակել: Խմիչքի փոխարեն ձեր հաճախորդներին փորձեք մատուցել դոնդող: Աշխատեք, որպեսզի գույնը չտարբերվի պատվիրված խմիչքից, որպեսզի կասկածներ չառաջանան: Իսկ հետո հեռվից վայելեք այն պահը, թե ինչպես է հաճախորդը փորձում առաջին կումն անել: Երբ նա բարկանա ձեզ վրա, ուղղակի ժպտացեք եւ ասացեք. «Շնորհավոր ապրիլի 1»:



Չիպսի փոխարեն գազար

Շատերի շրջապատում կան մարդիկ, որոնք շատ են սիրում չիպս եւ իրենց օրն առանց դրա չեն պատկերացնում: Նվիրեք նրանց իրենց բաղձալի չիպսը, սակայն գազարի տեսքով: Բայց դու դրանով նրանց միայն լավություն կանեք, որպեսզի գոնե մեկ օր նրանք զերծ մնան անառողջ, ոչ օգտակար սնունդ օգտագործելուց: