Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Սիրանույշ Մելիքյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 02-04-2019
Բերդի տարածաշրջանի երիտասարդները՝ հանուն հեռանկարային սահմանի
Ծննդավայրը դարձնել առավել հեռանկարային. կարեւոր այս նպատակը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի խումբ երիտասարդների համախմբեց ու մղեց գործուն քայլերի:

Շուրջ մեկ տարվա գործունեությունից հետո վճռեցին ստեղծել կառույց, որը կհամախմբի տարածաշրջանում ապրող եւ աշխատող երիտասարդներին: Իսկ տարեսկզբից սկսեց գործել «Հեռանկարային սահման» Տավուշի զարգացման հիմնադրամը: 
Արդեն իրականացված ծրագրերի, գործունեության հիմնական ուղղությունների, անելիքների եւ այլ հարցերի շուրջ Eritasard.am-ը զրուցել է «Հեռանկարային սահման» Տավուշի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն ԱրթուրՍաֆարյանի եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Սիրանույշ Մելիքյանի հետ: 



«Առանցքային շեշտադրումը՝ սահմանը դարձնել հեռանկարային»

Արթուր Սաֆարյան- Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվեց զրույցների, քննարկումների ընթացքում. անհրաժեշտ էր ունենալ մի կառույց, որի շուրջ հնարավոր կլիներ համախմբել երիտասարդներին: Անվանումը Սիրանույշ Մելիքյանի գաղափարն էր: Լոգոն ստեղծեցին Անի Օրդյանը եւ Հենրիկ Ղարսայանը(հոգաբարձուների խորհրդի անդամները): Այնուհետեւ սկսեցինք ավելի ակտիվ գործունեություն ծավալել:

Մեր գլխավոր նպատակն ամբողջությամբ արտացոլված է հիմնադրամի անվանման մեջ՝ «Հեռանկարային սահման»: Փորձում ենք մեր քայլերով, ծրագրերով նպաստել տարածաշրջանի զարգացմանը: Հիմնադրամի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերից: 

Սիրանույշ Մելիքյան - Մեզ միշտ մտահոգել է սահմանագոտում երիտասարդների թվի պակասը: Երկար ենք մտածել, եղանակներ որոնել, թե ինչ քայլերով կարելի է նպաստել, որպեսզի մեր ծննդավայրը երիտասարդներիս համար ավելի հեռանկարային դառնա: Լինի մի վայր, որի հետ կկապվեն ապագայի հույսերը, երազանքները, հեռանկարները, որպեսզի յուրաքանչյուրն իր գործունեությունը, աշխատանքը պատկերացնի ծննդավայրում: Ինչու՞ «Հեռանկարային սահման»:  Հեռանկար բառը շատ կարեւոր էր մեզ համար. ապագայի նկատմամբ հույս ներշնչող, արմատներ ձգող ու նաեւ հեռուն գնացող բառ է: Մեր նպատակը հենց դա է՝ սահմանը դարձնել հեռանկարային: Դա առանցքային շեշտադրում է մեր բոլոր ծրագրերում: Մենք  քաջալերելու ենք  այն երիտասարդներին, որոնք իրենց կյանքը նվիրել են ծննդավայրին, աշխատել այնտեղ:  Նրանք պետք է իրենց օրինակով հույս ու հավատ ներշնչեն բոլորին, որ կարելի է ապրել սահմանում եւ հաջողության հասնել: 



«Պետք է սահմանել նշաձողեր եւ ամեն կերպ հասնել դրանց... »

Արթուր Սաֆարյան-Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից մեկը տնտեսականն է, քանի որ մեր համոզմամբ՝ առանց զարգացած տնտեսության ոչինչ հնարավոր չէ: Նշված ուղղությամբ գործունեություն ծավալելու նպատակով նախ տարածաշրջանում նյութական, հողային, ջրային, կարելի է ասել՝ նաեւ մարդկային ռեսուրսների մոնիտորինգ ենք իրականացրել: Փորձել ենք տեղում գտնել մարդկանց, որոնք ինչ-ինչ փորձեր են արել որեւէ գործունեություն ծավալելու, սակայն միմյանց չեն ճանաչում, այնուհետեւ նրանց համախմբել մեր շուրջ, ծանոթացնել միմյանց հետ, որպեսզի կարողանանք հաջողված փորձով իրար օգնել: Մեր տարածաշրջանը բիզնես շուկայից հեռու է եղել, ուստի բիզնես մտածողությունն ավելի թույլ է, սխալվելու հավանականությունը՝ մեծ: Այդ պատճառով մոնիտորինգից հետո նաեւ ֆորում կազմակերպեցինք՝ «Պատմական Տավուշի զարգացման տեսլականը»: Նախագծերը փորձել ենք կապել տարածաշրջանում գործող ՀԿ-ների հետ: Ակտիվ համագործակցել ենք հատկապես ՀՕՖ-ի հետ: Փորձում ենք համագործակցել  նաեւ ղեկավար մարմինների հետ, որպեսզի կարողանանք տնտեսական ուղղությունն առավել արդյունավետորեն զարգացնել: 

Մեր խնդիրներն ու նպատակները բազում են... Ծրագրերից մեկը, որը ներկայացվել է եւ՛ նախորդ, եւ՛ նորանշանակ մարզպետներին, ջրային ռեսուրսների կառավարումն է Բերդի տարածաշրջանի 3 ձորերում: Մեր ջրային պաշարները չպետք է հոսեն Ադրբեջան, այլ հետ մղվեն դեպի մեր հողատարածքներ: Հողագործությունը, անասնապահությունը պետք է զարգացման նոր մակարդակի հասնեն: Այնպես չէ, որ նախադրյալներ չկան: Պարզապես պետք է նշաձողեր սահմանել եւ ամեն կերպ հասնել դրանց:  



Սիրանույշ Մելիքյան - Տնտեսականից բացի հիմնադրամը գործունեություն է իրականացնում կրթական, մշակութային, մարզական, եւ մի շարք այլ ոլորտներում: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը: 

Մեր առաջին միջոցառումն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի կազմակերպումն էր սահմանամերձ Չինարի գյուղում: Խաղին մասնակցում էին ներկայացուցիչներ Բերդի տարածաշրջանի բոլոր գյուղերից: Միջոցառումը լուսաբանվեց: Այն լավ օրինակ դարձավ, եւ ամբողջ  ուսումնական տարվա ընթացքում տարածաշրջանի տարբեր դպրոցներում սկսեցին կազմակերպել նմանատիպ խաղեր: 

Հաջորդ կարեւոր միջոցառումը ֆուտբոլային մեծ հանդիպումն էր Չորաթանի ֆուտբոլի դաշտում՝ կրկին  բոլոր գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Մեծ արձագանք ունեցավ հատկապես «Տարեցները միայնակ չեն» նախաձեռնությունը, որի շրջանակում մենք շրջեցինք տարածաշրջանի գյուղերով եւ այցելեցինք տարեցներին՝ փորձելով մեր ներկայությամբ եւ նվերներով փոքր-ինչ ջերմացնել նրանց: Անհնար է նկարագրել այն ջերմությունը, սերը, հոգատարությունը, որով պարուրում էին մեզ ամենուր: 



Սահմանագոտում ապրող երիտասարդության ամենաակնառու խնդիրները

Արթուր Սաֆարյան-Առաջին հերթին՝ հոգեբանական բարդույթը: Համենայնդեպս, ինձ համար դա նկատելի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Պարզաբանեմ, թե ինչ բարդույթի մասին է խոսքը: Շատերը կարծում են, որ որեւէ  գործ նախաձեռնելու համար  նախ պիտի փորձել «դրսում»: Հիշու՞մ եք հայտնի գովազդային հոլովակը, երբ հերոսը մեկնում է օդանավակայան, սակայն զղջում եւ վերադառնում է: Մարդիկ ունեցածին չեն կարողանում իրական գնահատական տալ եւ փորձում են ինչ-որ բան որոնել այլ վայրում: Հոգեբանական բարդույթը, թե այստեղ ոչինչ չի ստացվի, պետք է հաղթահարել: 2-րդ հորիզոնականում ես կնշեի որակյալ առողջապահության եւ կրթության , 3-րդում՝ անվտանգության խնդիրները: Վերջինը մեզ համար այնքան սովորական է դարձել, որ առաջնահերթություն չենք համարում: Իրականում չափազանց կարեւոր է: 

Սիրանույշ Մելիքյան - Ես կարծում եմ, որ հեռավոր գյուղում աշխատող երիտասարդը պետք է իրեն զգա հատուկ կարգավիճակում: Չինարիի դպրոցում աշխատող ուսուցիչը չպետք է ստանա այնքան աշխատավարձ, որքան երեւանյան դպրոցում աշխատողը: Դրանից զատ՝ մշակութային կյանքը պետք է բարելավվի: Տպավորություն չլինի, թե գյուղում աշխատող երիտասարդը ժամանակից ու տարածությունից կտրված մի տեղում է ապրում: Երեւանում խաղաղ կյանքը թողնելով՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երիտասարդ մասնագետը մի շարք մարտահրավերների է բախվում, այդ պատճառով կարեւոր է արհամարհված չլինելու զգացողությունը, պետության աջակցությունն ու հոգածությունը: Եթե նա նախընտրել է հեռավոր գյուղը մայրաքաղաքից, պետք է արտոնյալ կարգավիճակ ունենա եւ իրեն կարեւոր զգա:  



Առաջիկա ծրագրեր. երիտասարդական համաժողով՝ Բերդում

Արթուր Սաֆարյան-Առաջիկայում պլանավորում ենք երիտասարդական համաժողով իրականացնել: Այժմ այլ հարցերի հետ հստակեցնում ենք  նաեւ հյուրերի ցուցակը, որոնք կներկայացնեն տարբեր ոլորտներ: Ամենայն հավանականությամբ, կհրավիրենք նաեւ ԱԺ պատգամավորների: 

Սիրանույշ Մելիքյան - Համաժողովը կիրականացվի ամռանը՝ Բերդ քաղաքում: Կներկայացվեն հաջողված բիզնես ծրագրեր՝ դրանց հեղինակների կողմից: Կիրականացվեն թրեյնինգներ, որոնց արդյունքում սկսնակները կտիրապետեն նոր հմտությունների: Ամենայն հավանականությամբ, համաժողովը տնտեսականից բացի կունենա նաեւ մշակութային ուղղվածություն: