Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2019
«Տղաներն իրենց խիզախությամբ արթնության կոչ արեցին». լռության երթ Բերդում
Ապրիլի 2-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Հեռանկարային սահման» Տավուշի զարգացման հիմնադրամի եւ Բերդի մշակույթի տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ լռության երթ՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

Երթի վերջին հանգրվանը Բերդի սբ. Հովհաննես եկեղեցին էր:

«Կատարեցինք Հոգեհանգստյան կարգ՝ Ապրիլյան պատերազմի մեր նահատակների հիշատակի համար եւ ոգեկոչման արարողություն,-Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, ապա հավելեց,- մենք անցյալը մոռանալու իրավունք չունենք, որովհետև եթե անցյալը մոռանանք, ստիպված կլինենք այն վերապրել: Այն մտայնությունը կար, թե պատերազմը, թերեւս, անցյալում է, սակայն տղաներն իրենց արյամբ, անձնազոհությամբ, խիզախությամբ  բոլորիս արթնության կոչ արեցին եւ հանեցին թմբիրից: Իրականությունն այն է, որ մենք պատերազմի մեջ ենք, պատերազմը մեր կողքին է, եւ միշտ պետք է պատրաստ լինել դրան դիմակայելու: Ես կոչ արեցի մեր ժողովրդին, որ պարտավոր ենք ավելի շատ քրտինք թափել: Հրաշալի հայրենասիրական երգեր ունենք, որտեղ ասվում է՝ հայրենիքը արյամբ է պահվում, բայց իմ համոզմամբ՝  հայրենիքը պետք է քրիտինքով պահել: Այն  չթափված քրտինքի, չարված աշխատանքի դիմաց տղաներն իրենց արյամբ  են փոխհատուցում, զոհում են ամենաթանկը: Պետք է աչալուրջ լինենք, փայփայենք մեր բանակը, մեր տղաներին, որովհետեւ նրանք են մեր ապրելու միակ երաշխիքը»: 

Բերդի մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի խոսքով՝ տղաների հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուրի հոգու պարտքն է. «Նախաձեռնության խորհուրդն առաջին հերթին  այն է, որ  երիտասարդ սերունդը գնահատի մեր հերոսներին,  դաստիարակվի այդ ոգով եւ արժանապատվորեն ծառայի հայրենիքին»: 

«Հեռանկարային սահման» Տավուշի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արթուր Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ անվտանգության խնդիր ունեցող տարածաշրջանում անհրաժեշտ է ամեն րոպե զգոն լինել. «Կարծում եմ՝ այսօրվա երթը նաեւ զգոնության տանող քայլերից մեկն է: Պետք է պատերազմը հաղթենք ոչ միայն կռվելով, այլեւ արժանապատվորեն ապրելով, մեր երկիրը հզորացնելով, բոլոր հերոսներին միշտ հիշելով ու նրանց գործը շարունակելով: Ինչպես Մոնթեի ուղերձն էր. «Իմ կենացը մի՛խմեք, իմ գործը շարունակեք»»: