Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-04-2019
Ջեյմի Դեվիս. «Ինձ համար ջազն աշխարհում սեր տարածելու միջոց է»
Ջեյմի Դեվիսը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց, ապրիլի 5-ին համերգով հանդես եկան համատեղ համերգային ծրագրով։

Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում նա ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975-ին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 

2000-ին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ ձեռք բերելով մեծ ճանաչում։

Ջեյմի Դեվիսի երգացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն. ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս:

«Ինձ համար ջազն աշխարհում սեր տարածելու միջոց է։ Աշխարհը տեսնել խաղաղ, իսկ մարդկանց երջանիկ, սա է իմ ասելիքը, եւ այն ինչ ցանկանում եմ տեսնել։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդկանց ջազային կատարումները լիցքաթափում, այն պարզապես հրաշալի զգացողություն է»,- լրագրողների հետ զրույցում խոստովանեց ջազ վոկալիստը։

Ի դեպ, սա Ջեյմի Դեվիսի առաջին այցն է Հայաստան և ընդամենը՝ մեկ օրով, սակայն  մեծ էր մարդկանց եւ քաղաքը տեսնելու ցանկությունը, ուստի  Ջեյմի Դեվիսը չբացառեց, որ հնարավոր է եւս մեկ նախագծի եւ համագործակցության արդյունքում ժամանի Հայաստան։