Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 08-04-2019
Բացօթյա համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին բացօթյա համերգով:



«Սիրահարների այգում» երկար դադարից հետո տեղի ունեցավ բացօթյա համերգ: Երևանի բաց երկնքի տակ երևանցիները, մարզերից ժամանած երիտասարդները, քաղաքի օտարազգի հյուրերը ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված երաժշտական տոնակատարությանը:



Eritasard.am-ի հետ զրույցում հայտնի հաղորդավար Ժակը՝ նույն ինքը Հակոբ Պապիկյանը, նշեց, որ միակ բանը, որը կարող է խոչընդոտել երեկոյի անխափան և ուրախ ընթացքին, դա վատ եղանակն էր: Սակայն, բարեբախտաբար, եղանակը բոլոր հույսերն արդարեցրեց և ապահովեց հաճելի և տոնական ժամանցի համար բոլոր պայմանները:



«Համերգի մասնակիցները բավականին հետաքրքիր ու, որոշակի առումով, երաժշտական այլընտրանքային ուղղության ներկայացուցիչներ են: Հիմնական երեք ելույթ ունեցողներից են  «Միքայել Ոսկանյան և ընկերներ»-ը՝ էթնո-ջազի ներկայացուցիչները:



Առհասարակ Միքայել Ոսկանյանը թառ երաժշտական գործիքը կարողացավ այնպիսի խելահեղ համադրություններով ներկայացնել, որ նոր շունչ հաղորդեց երաժշտական այդ գործիքին: Ամենից երկար ելույթը և, ինչպես արդեն երևում է, երկրպագուների ամենից մեծ բանակը ունի Nemra-ն՝ մեր երիտասարդ  ռոքերները: Իսկ հաջորդիվ արդեն բեմը կտրամադրվի շատ սիրելի արտիստ Արամ MP3-ին»,- ասաց Ժակը:



Երեկոյի ընթացքում իրենց շնորհավորանքները հղեցին կանանց և երաժշտական կատարումներով հանդես եկան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը, Nemra-ն, Aram Mp3-ն: Համերգային ծրագրի վերջում բեմահարթակը վերածվեց դիսկո հրապարակի. բեմում Dj-Smoke-ն էր: Բացօթյա party-ն շարունակվեց ազատ էլեկտրոնային երաժշտությամբ: