Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսինե Ավետիսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 08-04-2019
«Հաճախ եմ խոսում բաժակների հետ, որոնց նոր կյանք ու շունչ եմ տալիս». Լուսինե Ավետիսյան
Մասնագիտությամբ հոգեբան, տեսակով լուսավոր Լուսինե Ավետիսյանի անունը, հնարավոր է` ձեզ ոչինչ չասի, սակայն նրա աշխատանքները համակարգող ապրանքանիշը՝ «Sorpresa»-ն, իր անվան ներքո է հավաքել երիտասարդ ստեղծագործողի գունեղ, նախշազարդ սպասքը եւ ոչ միայն։ Լուսինեի հետ Eritasard.am-ը խոսել է աշխատանքների, հաջողությունների, եւ ապագա պլանների մասին։

-Լուսինե՛, ե՞րբ ստեղծեցիք առաջին աշխատանքը , որը դարձավ ճակատագրական։

«Ճակատագրական» աշխատանքս 2016 թ-ին էր, երբ փորձարկումների արդյունքում նկարեցի նաև ափսեի վրա, մինչ այդ նկարում էի թղթի, հագուստի,կտավի վրա:

Այդ աշխատանքս մեծ արձագանք ստացավ ընկերներիս ու հարազատներիս կողմից. բոլորը միաբերան ասում էին, որ միայն ինձ համար չստեղծագործեմ, այլ` բոլոր արվեստասերների: Ի դեպ, ափսեն մինչ օրս ինձ մոտ է և ենթակա չէ վաճառքի:

-Հոգեբանի մասնագիտությունը որքանո՞վ է օգնում ձեռագործ աշխատանքներում։

Հոգեբանի մասնագիտությունը օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է ցանկանում պատվիրատուն, չնայած՝ չէի ցանկանա անվանել պատվիրատու այն մարդկանց, ովքեր ցանկանում են ունենալ իմ աշխատանքներից:

Փոքրիկ զրույցից հետո արդեն պատկերացնում եմ, թե ինչ դուր կգա տվյալ մարդուն, կամ ինչ գույների համադրությունը իրեն ավելի հոգեհարազատ կլինի:



-Մի փոքր կխոսե՞ք «Sorpresa»- բրենդի ստեղծման մասին։

«Sorpresa»-ն ստեղծվել է 2017թ-ին:Շատ արագ է է տեղի ունեցել բրենդի ստեղծումը, անվան ընտրությունը: Ընկերուհիներիս ու հարազատներիս խնդրել էի անվան ընտրության հարցում օգնեին ինձ, շատ հետաքրքիր տարբերակներ առաջարկեցին, բայց ընտրեցի իմ տարբերակը, երբ փնտրտուքի մեջ էի «Sorpresa»-ն ինձ մոտ հետաքրքիր զգացողություն առաջացրեց: Լոգոն ինքս եմ պատրաստել մեկ օրվա ընթացքում: «Sorpresa թարգմանաբար նշանակում է անակնկալ, անվանը հավատարիմ մնալով, շատ հաճախ եմ անակնկալներ անում «Sorpresa»-ի պատվիրատուներին: 

Երբ ստեղծվում էր բրենդը, չէի մտածում, որ կարճ ժամանակահատվածում սիրվելու է հասարակության կողմից. ցավով ուզում եմ նշել, որ հեղինակային աշխատանքներս փորձում են կրկնօրինակել, շատ տհաճ երևույթ է, բայց միևնույն է, դա ապացույց է, որ ունեմ հաջողություն այս ասպարեզում:

Ուզում եմ նրանց մաղթել ստեղծագործական պայծառ միտք և ուրույն ձեռագիր, որպեսզի կարիք չլինի արտանկարելու մեկ այլ հեղինակի ստեղծագործությունները:



-Ովքե՞ր են ձեր պատվիրատուները։

«Sorpresa»- ի պատվիրատուները այն մարդիկ են, ովքեր սիրում են տարբերվել, սիրում են յուրահատուկը, գնահատում են ձեռքի աշխատանքը: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ նույնիսկ ընկերանալ, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մի քանի անգամ են պատվիրել իմ աշխատանքներից ու ամենակարևորը նրանց գովեստի խոսքերն են , որ ոգևորում ու ստիպում են ինձ ՝ ավելին անեմ ու արարեմ:

-Աշխատանքային պրոցեսը մի փոքր կներկայացնե՞ք։

-Ամենահաճելի պահերից է ստեղծագործելու պրոցեսը, երբ կտրվում ես ամբողջ աշխարհից ու տեղափոխվում քո ստեղծած գույների աշխարհ: Նկատել եմ, որ անգամ հոգնածությունն է լինում հաճելի ու ժամանակի զգացողությունն եմ կորցնում, երբ նկարում եմ: Աննկարագրելի զգացում եմ ունենում, երբ տեսնում եմ ինչպես է, օրինակ, հասարակ ապակին վերածվում գունեղ ու խոսուն իրի: Երբեմն կարող եմ տարօրինակ մարդու տպավորություն թողնել, բայց ես հաճախ եմ խոսում օրինակ՝ բաժակների հետ, որոնց նոր կյանք ու շունչ եմ տալիս..
 


 -Փորձենք ընտրել եւ ասել բառեր, որոնք ձեզ լավագույնն են ներկայացնում։

Դժվար է սեփական անձը ներկայացնել, բայց կարող եմ ասել, որ էմոցիոնալ եմ, համբերատար, լավատես ու աշխատասեր:

-Ինչո՞վ է լցված ձեր առօրյան, ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Առօրյաս հագեցած է. երբեմն ինձ թվում է, որ 24 ժամը շատ քիչ է ամեն բան հասցնելու համար, ընկերուհիներս, հարազատներս նեղսրտում են, որ չեմ հասցնում ավելի հաճախ հանդիպել նրանց, բայց ըմբռնումով են մոտենում: Երբեմն հասցնում եմ հաճախել թատրոն, արվեստին նվիրված երեկոների, ցուցահանդեսների:



-Մասնագիտական կրթություն չունենալը դժվարություններ չի՞ առաջացնում։

Մասնագիտական կրթություն չունենալը ինձ մոտ դժվարություն չի առաջացնում, բայց միշտ էլ հմտանալու, զարգանալու տեղ կա, սովորելու համար երբեք ուշ չէ: Ինձ հաճախ են հարցնում՝ որտե՞ղ եմ նկարչական կրթություն ստացել. իմ պատասխանը միշտ զարմացնում է, երբ ասում եմ՝ նկարչական կրթություն չունեմ:

-Ի՞նչ հանգամանքներ եք կարեւորում աշխատանքին կյանք տալուց եւ հեշտությամբ եք արդյո՞ք բաժանվում դրանցից։

-Երբ բրենդը նոր էր ստեղծվել, առաջին մեծ մտահոգությունս աշխատանքներիցս բաժանվելն էր, շատ եմ մտածել այդ մասին, հետո հասկացել եմ, որ հանգիստ եմ լինում, երբ աշխատանքներս գնում են իսկական արվեստասեր մարդիկ, որոնք գնահատում են ձեռքի աշխատանքը։ Յուրաքանչյուր աշխատանքի մեջ իմ ուրախ էներգիան ու սերն է դրված: Ես հրաժարվում եմ այն պատվերներից, որոնք ինձ հոգեհարազատ չեն, որ հաճելի աշխատանքային պրոցես չեն ապահովի ինձ համար, ու հանուն գումարի երբեք չեմ անի այնպիսի աշխատանք, որն ստեղծելուց չի ստացվի փոխանցել դրական էներգիա:



- Ի՞նչ անելիքներ ունեք ապագայում։

Աշխատում եմ կանգ չառնել ու չբավարարվել ձեռքբերումներով, անընդհատ ստեղծագործում ու շատ եմ ափսոսում, որ ժամանակս չի բավարարում, մի քանի անավարտ կտավ ունեմ ու հուսով եմ շուտով ավարտին կհասցնեմ։ Բացի սպասքի վրա նկարելուց, մանրանկարչություն եմ անում նաև նոթատետրերի վրա, որոնք իրենց տեսակով Հայաստանում միակն են ու ինչպես սպասքը, այնպես էլ նոթատետրերը անկրկնելի են։ Պայուսակների ու դրամապանակների յուրահատուկ շարք եմ սկսել ու շուտով կներկայացնեմ։ Հիմա աշխատում եմ հագուստի նոր կոլեկցիայի վրա,որոնք մոդելավորել է սիրելի քույրս, իսկ ես նկարազարդում եմ։ Մի քանի օրից պատրաստ կլինի Sorpresa.am կայքը, որտեղ ներկայացված կլինեն աշխատանքներս։ Հետաքրքիր համագործակցության առաջարկներ եմ ստացել ու քննարկման փուլում են դեռ։ Արդյունքների մասին ավելի ուշ կտեղեկացնեմ։