Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Երիտասարդ հայ ծանրորդը տարիքային ռեկորդ սահմանեց
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում:

Երիտասարդ հայ ծանրորդը հանդես էր գալիս «A» խմբում ուժողագույն մրցակիցների հետ։ Դեռ 18-ամյա Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցեց 344 կգ (150+194) արդյունք: Հայ ծանրորդը հրում վարժությունում 194 կգ արդյունքով չորրորդն էր։ Դա թույլ տվեց սահմանելու Եվրոպայի երիտասարդական (Մ20) ռեկորդ:

Հատկանշական է, որ այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ նաեւ Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որը չկարողացավ քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Անտոնիո Պիցոլատոն, որը երկամարտում գրանցեց 356 կգ (155+201):

Ի դեպ, նշենք, որ Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը նշեց մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտի արդյունքում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ)։ Տղամարդկանց թիմում են Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):