Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Երիտասարդ հայ ըմբիշը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչը ուժեղագույնն էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային ըմբիշ Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում հայ երիտասարդ ըմբիշը 17-11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, վրացի ըմբիշ Բեկա Լոմտաձեին։ Հատկանշական է, որ Արսեն Հարությունյանը հաղթեց կամային որակների շնորհիվ, քանի որ մրցամարտի ընթացքում պարտվում էր 0-8 հաշվով։

Նշենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր դեռեւս որակավորման փուլից։ Այստեղ նա 14-8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:

Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու այդ մարտում էլ սկզբում հայ ըմբիշը պարտվում էր։ Հետագայում նա կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր։ Վերջինիս երկրպագում էր ամբողջ դահլիճը, սակայն կրկին կամային բարձր հատկանիշների շնորհիվ Արսեն Հարությունյանը հաղթեց մրցակցին 10-4 հաշվով։