Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը ձախողեց կշռման արարողությունը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ամենախոստումնալից ծանրորդներից մեկը չկարողացավ հաջողությամբ հաղթահարել կշռման արարողությունը եւ որակազրկվեց։

Որքան էլ ցավալի է, սակայն Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգի մրցմանը: Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր դարձած 23-ամյա հայ ծանրորդը ձախողեց կշռման արարողությունը, ինչի արդյունքում էլ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Անդրանիկ Կարապետյանի հետ տեղի ունեցածը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Վերջինիս խոսքերով՝ հայ ծանրորդի առաջին կշեռքից հետո նկատել են, որ քաշն ավելի է, քան պետք է լիներ. «Նա շոգեբաղնիք գնաց՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց «լավ» է, ինչից հետո Անդրանիկ Կարապետյանը կարծեց, թե ամեն բան նորմալ է եւ ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցինք գրել պոկում եւ հրում վարժությունների հայտերը, նույն մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց ծանրորդն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղինքն էլ չօգնեց մեզ, եւ նրա քաշը առավելագույնից 200 գրամ ավելի էր»:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանի հաջողության մասին արդեն ներկայացրել ենք։ 18-ամյա Ռաֆիկ Հարությունյանը հրաշալի նորամուտը նշեց դեպի մեծահասակների մրցաշարեր: