Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Ոսկե եւ բրոնզե հայ մեդալակիրներ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ: 2018թ. Եվրոպայի Մ23 առաջնության ոսկե մեդալակիր, «Նանջինգ 2014» պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա նաեւ Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտի արդյունքում:

Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքը մեկ կիլոգրամով պակաս էր՝ 370 կգ (170+200):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն ու փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը, սակայն Եվրոպայի տարիքային ռեկորդ էր սահմանել: 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվել էր մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել եւ մրցելույթներ կունենան նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր մարզիկներն են ունակ են մեդալային հաշվարկում Հայաստանի ցուցանիշը բարելավելու։