Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-04-2019
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը լավագույնն է Եվրոպայում
Հայ ծանրորդը չնայած հերթական ռեկորդը չգրանցեց, սակայն բավականին տպավորիչ արդյունք ունեցավ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Ռիոյի 2016թ. ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի մրցմանը հերթական հրաշալի ելույթն է ունեցել։ Տաղանդաշատ ծանրորդը նվաճել է չեմպիոնի կոչումը՝ մրցակիցներին գլխիկոր թողնելով:

Աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 427 (192+235) կգ արդյունք: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժություններում:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը չափազանց հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները, իսկ 197 կգ ծանրաձողը բարձրացնել ու Եվրոպայի ռեկորդ սահմանել չկարողացավ:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց առաջին երկու մոտեցումը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց. ամեն ինչ ինքին պարզ էր: Մրցակիցները բավականաչափ հետ էին։

Ի դեպ, այս քաշային կարգում Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը:

Հատկանշական է, որ նախորդ տարի նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով, սահմանել էր նաեւ աշխարհի ռեկորդ:

Հավելենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ 89 կգ քաշային ծանրորդների պայքարում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ են մտնելու նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):