Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-04-2019
Հունահռոմեական ոճի ըմբիշներից մեդալային սպասելիքները կան
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեկան ըմբիշների միջեւ պայքարը:

Մրցումային օրը մրցագորգ դուրս եկան 55, 63, 77, 87 եւ 130 կգ քաշային ըմբիշները: Բոլոր քաշային կարգերում էլ Հայաստանը ներկայացնող ըմբիշներ կային։

55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն էր։ Նուգզարի Ցուրցումիայի հետ շատ բարդ գոտեմարտը ստացվեց, բայց հայ ըմբիշը զիջեց 2-5 հաշվով, քառորդ եզրափակիչում էլ վրացի ըմբիշը պարտվեց ադրբեջանցի էլդանիզ Ազիզլիին, եւ Մկրտչյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում գոտեմարտեց նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ։ Հայ ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով: Նորվեգացին, սակայն, հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի՝ Սլավիկ Գալստյանը հնարավորություն ունի պայքարելու բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը բելառուս Մաքսիմ Նեհոդան է:

77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5-3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից: Արսեն Ջուլֆալակյանը գերմանացի ըմբիշին զիջեց 3-7 հաշվով, հետագայում, սակայն, մրցակիցը հասավ մինչեւ եզրափակիչ, եւ Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի էլվին Մուրսալիեւը:

87 կգ քաշային կարգում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում տուշե հնարքով գեղեցիկ հաղթանակ տարավ ֆինն Հեյկի Մոծոմաեկիի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով  ժամանակից շուտ առավելության հասավ ռումինացի Ալեքսանդրու Կարասի նկատմամբ։ 

Քառորդ եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցն Իսլամ Աբբասովն էր Ադրբեջանից, սակայն հայ ըմբիշը զիջեց նրան 1-6 հաշվով, բայց քանի որ Իսլամ Աբբասովը հասավ եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Դենիս Կուդլա (Գերմանիա) - Դավիթ Չակվետաձե (Ռուսաստան) զույգի  հաղթողը:

130 կգ քաշային կարգում էլ Դավիդ Օվասապյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն Սերգեյ Սեմյոնովի հետ եւ պարտվեց 0-5 հաշվով: Սերգեյ Սեմյոնովը կիսաեզրափակիչում զիջեց վրացի Յակոբի Կաջայային, ինչի արդյունքում հայ ըմբիշը չի պայքարի բրոնզե մեդալի համար:

Այսպիսով՝ առնվազն երեք քաշային կարգերում դեռեւս հնարավոր է մեդալ նվաճել։