Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-04-2019
«Ժամադրություն տանգոյի հետ»՝ արգենտինական շունչ Երևանում
«Ժամադրություն տանգոյի հետ», արգենտինահայ կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը Հայաստան է եկել հայ հանդիսատեսի, արգենտինական երաժշտության և պարի հանդիպումն իրականություն դարձնելու նպատակով։

Թվով առաջին հանդիպումը կայացավ ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգային երեկոն կրում էր «Ժամադրություն տանգոյի հետ» խորագիրը։

Մեզ հետ զրույցում Ալիսիա Թերզյանը մեծ ոգևորությամբ խոսեց հայրենիք գալու և հայ հանդիսատեսին ներկայանալու մասին։ Կոմպոզիտորին հատկապես հուզել և անչափ երջանկացրել էր միջոցառման կազմակերպիչների և իր արվեստը գնահատողների դիմավորման արարողությունը՝ հաց  և աղ, հայկական դրոշ և հայկական  երաժշտություն։

Մշտապես երիտասարդ կոմպոզիտորը Հայաստան է եկել  իր ստեղծած «Էնկուենտրոս» խմբի հետ։ Խումբը երրորդ անգամ է Հայաստանում: 40 տարվա պատմություն ունեցող երաժշտական այս խումբը հասցրել է  կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերել, սիրվել հանրության կողմից, մասնակցել  փառատոների, ձայնագրություններ թողարկել։

«Տանգո պարում էի, երբ երիտասարդ էի, քանի որ տանգոյի երկրում ծնված էի։ Տանգոն և Կոմիտասն ինձ համար երկուսն էլ ցույց տված են, որ երկու երկիրներն էլ պետք է սիրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց  Ալիսիա Թերզյանը՝ խոստովանելով, որ իրեն երիտասարդ է զգում, ավելին ՝ կոմպոզիտորը կարծում է, որ հոգեպես երիտասարդ մնալը բնորոշ է յուրաքանչյուր հային։

Հարկ է նշել, որ արգենտինական երաժշտությունը միշտ էլ գրավել է հայ հանդիսատեսին, որը ընդունել է մեծ ջերմությամբ: Համերգի ընթացքում հնչեցին հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Աստոր Պիացոլլայի, Անիբալ Տրոյլոյի, ինչպես նաև Ալիսիա Թերզյանի  ստեղծագործությունները։ Եղան նաև պարային կատարումներ և երգեր:

Դաշնակահար Կլաուդիո Էսպեկտորը խմբում է արդեն 30 տարի։ Հայկական երաժշտությանը, հատկապես՝ Արամ Խաչատրյանի  ստեղծագործություններին ծանոթացել է Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու ժամանակ, իսկ Ալիսիա Թերզյանի  հիմնած խմբում լինելը դաշնակահարին  օգնել է էլ ավելի խորքային ծանոթանալ հայկական երաժշտությանը, հայի տեսակին և  հայկական մշակույթին։

Ապրիլի 18-ին կրկին  համերգով հանդես կգա արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը և «Էնկուենտրոս» խումբը: