Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-04-2019
Եվրոպական խաղերի ուղեգիրը նվաճված է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել։

Լեհաստանի Շեցին քաղաքում մեկնարկած մարզմնամարզության Եվրոպայի առաջնությունը բավականին հաջող է Հայաստանի ներկայացուցիչների համար։ Հայ մարմնամարզիկներից երզափակիչի ուղեգիր են նվաճել Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ)։ Վերջինս որակավորվել է 2-րդ հորիզոնականով, իսկ Արթուր Թովմասյանը՝ 4-րդ։

Մեկ այլ մարմնամարզիկ էլ՝ Արթուր Դավթյանը, բազմամարտում նվաճել է Եվրոպական խաղերի ուղեգիր։ Հատկանշական է, որ «Մինսկ 2019»-ի մարմնամարզության բազմամարտի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում մինչեւ 18-րդ տեղ զբաղեցրած մարմնամարզիկները։ Բազմամարտում Արթուր Դավթյանը 8-րդն էր։ Հենացատկերի վարժության եզրափակիչի ուղեգիր հայ մարմնամարզիկը չնվաճեց։ Նա ստացավ միայն առաջին պահեստայինը լինելու կարգավիճակ։

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգրի հնարավորությունից զրկվել էր Հարություն Մերդինյանը, ով նժույգթափերի վարժության ժամանակ ընկավ գործիքի վրայից։ Եզրափակիչի ուղեգիր չի նվաճել նաեւ Արթուր Ավետիսյանը, ով հանդես էր գալիս օղակների վրա։

Այսօր մրցահարթակը կտրամադրվի կանանց, իսկ ապրիլի 12-ին կկայանան բազմամարտի եզրափակիչները։