Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-04-2019
Դյուկանի դիետա. ավելորդ քաշից ազատվելու խելամիտ միջո՞ց, թե՞ վնասակար սննդակարգ
Ավելորդ քաշից ազատվելու միջոցների բազմազանության մեջ դժվար է ընտրություն կատարել, քանի որ ամենախելամիտ թվացող սննդակարգերն անգամ երբեմն նաև հակասական աձագանքների են արժանանում:
Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Ֆրանսիացի հայտնի բժիշկ-սննդաբան Պիեր Դյուկանի կողմից շուրջ 4 տասնամյակի ընթացքում մշակված հեղինակային սննդակարգը, որն ավելորդ քաշից ազատվելու ամենարդյունավետ միջոցներից մեկն է համարվում ամբողջ աշխարհում: 
 
Պիեր Դյուկանը ծնվել է Ալժիրում: Երկրորդ աշխարհամարտից հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, և տղան ընդունվում է գեղարվեստի ուսումնարան՝ նպատակ ունենալով հետագայում մասնագիտանալ արվեստի բնագավառում: Մոր հանկարծահաս հիվանդությունն ու մահը, սակայն, փոխում են նրա ճակատագիրը: Դյուկանն ընդունվում է Փարիզի բժշկական համալսարան և մասնագիտանում որպես նյարդաբան: Ավելորդ քաշի պատճառով ընկճախտից տառապող հիվանդներից մեկի բուժման հաջողված փորձն էլ շրջադարձային է դառնում բժշկի կյանքում. այդ պահից նա սկսում է իր ուսումնասիրությունները, որոնց արդյունքում էլ մշակում է աշխարհում արդեն հայտնի Դյուկանի սննդակարգը: 

Եվ այսպես, Դյուկանի սննդակարգը բաղկացած է 4 փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունն ու խիստ կանոնները: Դրանցից 2-ը ուղղված է ավելորդ քաշի կորստին, 2-ը՝ ցանկալի քաշի պահպանմանն ու ամրապնդմանը: Ամենագրավիչը, թերևս, այն հանգամանքն է, որ կարելի է մոռանալ քաղցի մասին՝ շնորհիվ  100 տեսակի սննդամթերքի, որոնք թույլատրելի են առանց սահմանափակումների:

Նշենք, որ փուլերի տևողությունը խիստ անհատական է, ուստի նախքան սննդակարգին անցնելը՝ բժիշկ-սննդաբանն առաջարկում է իր պաշտոնական կայքում անվճար լրացնել հատուկ հարցաթերթիկ և ստանալ անհատական օրացույց, որն ուղեկցում է դիետայի ողջ ընթացքում: 

1-ին փուլ. Հարձակում
Այս փուլն ամբողջովին հիմնված է սպիտակուցային սննդամթերքի վրա: Տևողությունը, ինչպես վերը նշեցինք, խիստ անհատական է՝ կախված մարմնի քաշից և մի շարք հանգամանքներից: Սակայն այն ոչ մի դեպքում չի գերազանցում տասն օրը: Այս փուլում Դյուկանն առաջարկում է սպիտակուցներ պարունակող շուրջ 72 տեսակի սննդամթերք, այդ թվում՝ հավի, հնդկահավի միս, ձուկ, ձու, ցածր յուղայնությամբ կաթնամթերք և այլն: 

2-րդ փուլ. Հերթափոխ
Այս փուլում սպիտակուցային և սպիտակուցա-բանջարեղենային օրերը հաջորդում են միմյանց: Քաշի կորուստը նկատելիորեն դանդաղում է: 

3-րդ փուլ. Ամրապնդմում
Այս  փուլում ամրապնդում ենք արդյունքը՝  կորցրած կիլոգրամները, տասը օր՝ մեկ կիլոգրամի համար հաշվարկով: Սա, կարելի է ասել, բազմազան, բայց վերահսկվող սննդակարգին վերադառնալու սկիզբն է: Թույլատվում է ուտել նույնիսկ հաց, միրգ և այլն, սակայն շաբաթվա մեկ օրը պետք է նվիրել միայն սպիտակուցներին: 

4-րդ փուլ. Կայունացման փուլ՝ ամբողջ կյանքի համար
Սա որոշիչ փուլ է՝ դիետայի  եզրափակման համար: Ըստ էության, սա բոլորիս քաջ հայտնի առողջ սննդակարգն է: Հիմնված է 3 սկզբունքների վրա, որոնց պետք է հետևել ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի ավելորդ կիլոգրամները երբեք չվերադառնան: 

Պարտադիր է հրաժարվել վերելակներից, ամեն օր ուտել 3 գդալ վարսակի թեփ և շաբաթը մեկ օրը հայտարարել սպիտակուցային ու սնվել բացառապես սպիտակուցներով:  

Ի դեպ, վերջին փուլը համարվում է ամենաթեթևը, սակայն այն ամենակարևոր աստիճանն է հաջողության հասնելու ճանապարհին: 

Կանոններ, որոնց  անհրաժեշտ է հետևել  բոլոր փուլերի ընթացքում.
Ամեն օր խմել նվազագույնը 1.5 լիտր ջուր
Քայլել 20-30 րոպե
Պարտադիր օգտագործել վարսակի թեփ

Դյուկանի սննդակարգն այսօր համաշխարհային ճանաչում ունի: Դրան նպաստել են Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Ջենիֆեր Լոպեսը, Պենելոպա Կրուսը և այլ հայտնիներ, որոնք ազատվել են ավելորդ քաշից  հենց այս սննդակարգի շնորհիվ:  

Դյուկանը հեղինակ է 19 գրքերի, որոնք թարգմանվել են 25 լեզուներով: Նրա հատկապես «Ես չեմ կարողանում նիհարել» գիրքը համաշխարհային բեսթսելլեր է դարձել:

Այնուամենայնիվ, գլխապտույտ հաջողություններից բացի՝ Պիեր Դյուկանին մշտապես ուղեկցել են նաև սուր քննադատութունները: Հատկապես  գիտական հանրությունը բացասաբար է տրամադրված այս սննդակարգի նկատմամբ այն պարզ պատճառով, որ բացառապես սպիտակուցային սննդակարգը կարող է բացասաբար անդրադառնալ առողջությանը: Դրանից զատ՝ որոշ հիվանությունների դեպքում Դյուկանի սննդակարգը պետք է բացառել: 

Ցանկացած պարագայում պետք է հետևել մի ոսկե կանոնի. որքան էլ ավելորդ քաշից ազատվելու առաջարկները գրավիչ ու խելամիտ լինեն, այնուամենայնիվ, դրանք փորձարկելուց առաջ բժշկի հետ խորհրդակցելն անհրաժեշտություն է: