Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-04-2019
«Մեկ Առողջություն Գիտական Համացանցի» միջոլորտային միջոցառումների շարքը մեկնարկել է
Երևանում մեկնարկել է «One Health Science Network» «Մեկ Առողջություն Գիտական Համացանցի» առաջին լայնածավալ միջոլորտային միջոցառումների շարքը։

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, այս միջոցառման նպատակն է հերթական անգամ մոտիվացնել և կարևորել այն մարդկանց, ովքեր երկրում գիտելիքահենք «Մեկ Առողջություն» քաղաքականության պատշաճ մշակման և կյանքի կոչման երաշխավորողներն են: 

«Մեկ Առողջություն Գիտական Համացանցի» առաջին միջոցառումը վստահված էր կենս. գիտ. դոկտոր, դոցենտ, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանին։ 



Բանախոսի թեման էր՝ «Մանրէների դերը մեր կյանքում» ։

«Սա շատ կարևոր թեմա է, քանի որ մանրէները մեզ շրջապատում են ամենուրեք և առանց մանրէների մենք չենք կարող ապրել և կենսագործել։ Մանրէներն ունեն ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն և պետք է փորձել ուսումնասիրելով մանրէները  յուրացնել մեզ համար օգտակարը և կիրառել պահպանելու համար մարդու առողջությունը։ Քանի որ մանրէները անզեն աչքով տեսանելի չեն, ապա հանրությունը դրանց դերը և կարևորությունը չի գիտակցում»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Թռչունյանը։

Դասախոսության ընթացքում պարզաբանվեց նաև, թե մանրէները ինչ դեր ունեն սննդամթերքի արտադրության ժամանակ, տարբեր հիվանդոթյունների առաջացման կամ հաղթահարման գործում, գյուղատնտեսության մեջ բերքատվության բարձրացման, կենսավերականգման և ընդհանրապես առօրյա կյանքում։



«Մեկ Առողջություն Գիտական Համացանցի» միջոցառման շարքի մասին խոսելով՝ օրվա բանախոսը կարևորեց  նմանօրինակ միջոցառումները. «Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում կատարում է իր աշխատանքը, բայց միմյանց միջև կապը գրեթե բացակայում է, ուստի միջոցառման նպատակներից է նաև ստեղծել այս կապը և օրինակ՝ բժիշկները, գյուղատնտեսության և ակադեմիական ոլորտի շահագրգիռ անձինք կամ կազմակերպությունները փոխանակեն մտքեր, կիսվեն իրենց փորձով և փորձենք տալ լուծումներ ծագած հարցերին և խնդիրներին» ։ 

Հիշեցնենք, որ  այս միջոցառումն իր ձեւաչափով առաջին է,  որի նպատակն էր համախմբել գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին, ուսանողներին, բժիշկներին, և տարբեր հետաքրքրված կազմակերպություններին մեկ հարկի տակ և հանրամատչելի դասախոսություններով ներկայացնել առողջության համար կարևոր արդիական թեմաներ։