Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-04-2019
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ Վանաձորում և Գյուրիում
Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ և միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ ՀՀ տարբեր քաղաքներում:

Միջոցառումների ընթացքում մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին: Զոհերի ոգեկոչման արարողություն կայացավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 19:15 րոպեին Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերի ղողանջմամբ: 

Այնուհետև վանաձորցիները ջահերով շարժվեցին Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի: 

Ջահերով երթը ուղեկցվում էր հայրենասիրական երգերով ու տարբեր պահանջատիրական կոչերով:  Եկեղեցու բակում գտնվող Նահատակած պուրակում մասնակիցները աղոթեցին զոհերի հոգիների հանգստության համար: 

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին  նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Մասնակիցները ծածանում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև մեծ ցուցապաստառ` «Պահանջում ենք ամբողջական և արդար հատուցում» վերտառությամբ: 

Նշենք, որ արդեն 20-րդ տարին է, ինչ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ համատեղ, իրականացնում է ջահերով երթ և տարբեր միջոցառումներ: