Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-04-2019
Մտավոր սեփականության համաշխարհային օրն է
Այսօր՝ ապրիլի 26-ին, ամբողջ աշխարհում նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը: Այն տոնելու առաջարկությունը՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ճապոնիայի պատվիրակությանն է եղել, առիթը՝ ապրիլի 26-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման օրվա նշանավորումն էր:

Տոնը նպատակ ունի օժանդակել աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը:

«Մտավոր սեփականություն» տերմինն էլ միջազգային կիրառություն է գտել 1967թ-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպութ¬յուն ստեղծելու մասին կոնվենցիան ընդունելուց հետո: Այդ կոնվենցիայով ոչ միայն ազդարարվեց Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստեղծումը, այլև սահմանվեց «մտավոր սեփականություն» հասկացությունը:

Նշենք, որ Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:

Արդյունաբերական սեփականությունը ներառում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։

Հեղինակային իրավունքը ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։