Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-04-2019
Վազի՛ր, եթե ուզում ես առողջ լինել
Հրազդանի կիրճում միավորվել էին վազորդներն ու առողջ ապրելակերպի սիրահարները։

«Արմ Մարաթոն» հիմնադրամն ամեն տարի կազմակերպում է մարաթոնյան վազքին առնչվող մի շարք միջոցառումներ: Գարնանային վազքն այս շարքի առաջին միջոցառումն է, որը մեկնարկեց Հրազդանի կիրճում:

Վազքը բացառապես բարեգործական նպատակ ուներ. միջոցառման ողջ հասույթը միտված էր օգնելու ուղեղի կաթված ունեցող երեխաներին։ Գարնանային վազքի կազմակերպման մյուս ոչ պակաս կարեւոր նպատակն աջակցելն է առողջ ապրելակերպի զարգացումը Հայաստանում։ Միջոցառմամբ փորձ է արվում նաեւ նպաստել սպորտային տուրիզմի առաջխաղացմանը։

Գարնանային վազքը բաց էր տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, վազքատարածությունները ներառում են 1 կմ մանկական վազքից մինչեւ 10 կմ, որն ավելի շատ արհեստավարժ վազորդների համար էր նախատեսված։ Վաղ առավոտից Հրազդանի կիրճը բազմամարդ էր, քանի որ գրեթե բոլոր վազքատարածությունների համար մասնակիցներ կային։

10 կմ մրցատարածությունն ամենից արագ հաղթահարեց «TriClub Yerevan» թիմի անդամ Անդրանիկ Մարգարյանը։ Վերջինիս անհրաժեշտ եղավ 37 րոպե 21 ամբողջ 43 հարյուրերորդական վայրկյան եզրագծին հասնելու համար։ Երկրորդ արդյունքը ցույց տվեց Հայկ Միրզոյանը։ Երրորդը «TriClub Yerevan» թիմի մեկ այլ անդամ Գեւորգ Թորոսյանն էր։

Նույն մրցատարածությունը կանանցից առաջինը հաղթահարեց «TriClub Yerevan» թիմի անդամ Լիլիթ Աբրահամյանը։ Վերջինս գրանցեց 49 րոպե 56 ամբողջ 9 հարյուրերորդական վայրկյան արդյունք։

5 կմ մրցատարածության վազքում ամենից արագը Մհեր Մաշումյանն էր։ 4x2.5 կմ մրցատարածության հաղթող դարձավ Հակոբ Ջուլֆայան, Արման Սիմոնյան, Յուրի Աբգարյան եւ Արամ Մխիթարյան քառյակը։

Գարնանային վազքի ամբողջական արդյունքներն ամփոփված են այստեղ։

Հատկանշական է, որ Գարնանային վազքին մասնակցումն էին նաեւ ընտանիքներով։ Քիչ չէին նաեւ օտարազգի մասնակիցները։

Պատկերասրահ՝ Yerevan Spring Run - 2019