Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-04-2019
Սպորտային Երեւանը հետաքրքրել էր նաեւ ԱԺ նախագահին
Առաջին անգամ անցկացվող ՀՀ Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում իր ուրույն տեղն ունեին նաեւ մարզական միջոցառումները։

Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածը նախատեսված էր «Սպորտային Երեւան» խորագրով միջոցառումների համար։ Պուշկին-Թումանյան փողոցների խաչմերուկում շաշկու, նարդու եւ շախմատի սիրողական մրցաշարեր անցկացվեցին: Մայրաքաղաքի 12 համայնքների դպրոցներից լավագույն շախմատիստներն իրենց ուժերն էին չափում գրոստմայստեր, շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ: Վերջինս միաժամանակյա շախմատային սեանս էր խաղում դպրոցականների հետ։ Լավագույնները ստանալու էին մրցանակներ, շնորհակալագրեր:

«Սպորտային Երեւանի» շրջանակում նաեւ սուսերամարտի մանկապատանեկան դպրոցի սաներն էին մրցում։ Վերջիններս տարիքային երկու խմբերի էին բաժանվել: Ավագները հաղթելու դեպքում գավաթի էին ստանալու, իսկ փոքրերի համար սա փորձ ձեռք բերելու լավ առիթ էր:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ միասին շրջում էր տարածքում: Մաշտոցի պուրակում զբոսնելիս նա որոշեց միանալա շախմատ խաղացող երեխաներին: Արարատ Միրզոյանը մեկ պարտիա խաղաց շախմատի մինչեւ 8 տարեկանների Հայաստանի առաջնության 3-րդ տեղը զբաղեցրած պատանի մարզիկի հետ։

Պարզվեց Արարատ Միրզոյանը շախմատի վարպետ չէ, եւ Հայաստանի տարիքային առաջնության մրցանակակիրը հաղթեց ԱԺ նախագահին: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ տոնը ստացված կարելի է համար. «Հետաքրքիր էր հետեւել բոլոր մրցույթներին, չնայած միակ մարզաձեւը, որտեղ կարող էի ուժեղ փորձել միայն շախմատն է։ Ակնհայտորեն չէի կարող ընտրել ոչ բռնցքամարտ, ոչ էլ սուսերամարտ»:

Ամիրյան-Պուշկին խաչմերուկում էլ կարելի էր բռնցքամարտի ցուցադրական մրցելույթներ դիտել։ Փողոցը վերածվել էր իսկական ռինգի, չնայած Արաբկիրի մարզադպրոցի սաների համար այն մեկ օրվա մարզումների գրաֆիկից չէր տարբերվում։

Քաղաքացու օրվա ավարտին մարզիկները շտապեցին դեպի տոնակատարության եզրափակիչ գալա համերգին մասնակցել՝ չմոռանալով իրենց ստացած մրցանակների եւ շնորհակալագրերի մասին։ Դրանք ոչ պակաս կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիների համար, չէ՞ որ առաջին անգամ անցկացվող տոնի շրջանակում են ստացել։