Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Հ. Ծատրյանի
Տեղադրվել է 14-04-2019
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում սերնդափոխություն է
Մինչեւ Տոկիոյի 2020 թ.-ի ամառային օլիմպիական խաղեր նոր անուններ կարող են հայտնվել հավաքականի կազմում կախված մարզիկների մրցելույթներից եւ ցուցադրած արդյունքներից։

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփելու համար ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը համատեղ մամուլի ասուլիսի էին մասնակցում: Խոսելով Ռումինիայում գրանցած արդյունքների մասին՝ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ հայ երիտասարդ ըմբիշներից լավ արդյունքներ էր ակնկալում:

«Հայ մարզիկները մտնում են մրցագորգ հաղթանակ տոնելու համար, իսկ արդյունքները ցույց են տալիս նվաճած մեդալների միջոցով: Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գոյություն չունի անուն, երկիր, այլ կա միայն լավ պատրաստված մարզիկ: Նույն էլ Վազգեն Թեւանյանի դեպքում էր. նա կարողացավ հաղթել աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկին»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Ըստ գլխավոր մարզչի՝ հավաքականում կարող է շուտով սերնդափոխություն լինել. նկատելի է, որ երիտասարդ ըմբիշներն ունակ են լավ արդյունքների հասնել. «Մինչեւ Տոկիոյում 2020 թ.-ին կայանալիք ամառային օլիմպիական խաղերը կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի տղաները կարողանան լավ մասնակցել: Նրանք ունեն այդ հնարավորությունը եւ ոչ միայն նրանք, այլեւ ամբողջ թիմը: Ես ոչ մեկին ներկայում չեմ առանձնացնում: Մինչեւ Եվրոպական խաղերն ունենք հավաքներ, այդ ընթացքում կընտրենք այն մարզիկներին, որոնք կմեկնեն մրցմանը: Կախված անցկացրած մարտերից՝ կորոշվի, թե ով է լավագույնը»:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալն ապրիլի 10-ին նվաճած 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որպես ամենատպավորիչ գոտեմարտ առանձնացրեց եզրափակիչը. «Երբ պարտվում էի 0-8 հաշվով, ուժ գտա եւ կարողացա հաղթել: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Այդ պահին նորից ուժերիս հավատալուն ստիպեց այն աշխատանքը, որ կատարել ենք մենք մարզիչների օգնությամբ: Չէի ուզում կատարածս աշխատանքը ջուրը գցել եւ տանուլ տալ անչափ կարեւոր գոտեմարտը»։

Վազգեն Թեւանյանն էլ անցած ամիս Սերբիայում դարձել էր մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հավաքականի անդամը, սակայն, տպավորված չէ իր գոտեմարտերից. «Եվրոպայի այս առաջնությունում ունեցա երկու գոտեմարտ, բայց տպավորված չեմ ոչ մեկից: Առաջին գոտեմարտս կարճ տեւեց, սակայն երկրորդում ցավալիորեն պարտվեցի: Ընդհանուր առմամբ նորմալ էր, սակայն ես չպետք է թույլ տայի, որ այդ կերպ ավարտվեր գոտեմարտը: Պետք է ավելի շատ փորձեր անեի ու հնարքներ կատարեի, ինչը չստացվեց երկրորդ գոտեմարտի ժամանակ»։

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպական խաղերի 4 ուղեգիր է նվաճել՝ 57, 65, 97 եւ 125 կգ քաշային կարգերում: Մարզիչները գոհ են թիմի բարոյահոգեբանական վիճակից, մարզիկների միջեւ առկա փոխհարաբերությունից. «Առաջնայինը թիմային ոգին է, ոչ թե արդյունքները»: