Նյութը՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 30-04-2019
Ստեփանավանում ավարտվեց «Ծրագրի մշակման և կառավարման հմտություններ» ծրագիրը
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2019թ. ապրիլին Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրականացրեց «Ծրագրի մշակման և կառավարման հմտություններ» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է՝ ծրագիր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացման միջոցով նպաստել շահառու երիտասարդների անհատական ու սոցիալական զարգացմանը, նրանց ակտիվ քաղաքացիությանն ու մասնակցությանը համայնքային կյանքին ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: 



Ծրագիրը նպատակ ունի նպաստելու շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը, նրանց առաջնորդության հմտությունների զարգացմանը:

Ծրագրի շրջանակում  ապրիլի 12-16-ը Ստեփանավանում անցկացվեց հնգօրյա  դասընթաց, որին մասնակցում էին 25 երիտասարդ  Ստեփանավանից և հարակից խոշորացված համայնքներից: Նախքան դասընթացն սկսելը կատարվեց մասնակիցների՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների գնահատում, որից հետո դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանն ու Նազելի Ավագյանը, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսություններն ու գործնական վարժությունները, թիմային ու անհատական աշխատանքները, ծրագրի շահառու երիտասարդներին հաղորդակից դարձրեցին ծրագրերի մշակման ու կառավարման հմտություններին: 



Դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրային ցիկլի կառավարման հիմնական փուլերին՝ կարիքի բացահայտում, ծրագրային առաջարկի ձևակերպում, ծրագրի իրականացում, գնահատում և աուդիտ: Նրանք կատարեցին համայնքի կարիքների բացահայտում և գնահատում, ապա ըստ համայնքային կարիքների լուծմանը միտված ընդհանուր գաղափարների՝ երիտասարդները միավորվեցին  երեք խմբերում՝ մշակելով համայնքի  խնդիրների լուծմանը միտված ծրագրեր՝ «Ներգնա տուրիզմի խթանում Ստեփանավանի տարածաշրջանում պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրայնացման միջոցով», «Երիտասարդական միջհամայնքային ֆուտբոլային մրցաշար Ստեփանավանի տարածաշրջանում»  և «Օգնենք իրար» ծրագրերը:  



Թիմերով աշխատելով վերոնշյալ ծրագրային առաջարկների մշակման վրա՝ երիտասարդները գործնականում  սովորեցին հստակ ձևակերպել ծրագրի հիմնախնդիրը, նպատակը, խնդիրները, պլանավորեցին ծրագրային գործողությունները՝ դրանք ըստ տրամաբանական հաջորդականության ներկայացնելով Գանտի աղյուսակի միջոցով: Նրանք հաշվարկեցին նաև իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների ապահովման ծախսերը՝ կազմելով ծրագրերի նախնական բյուջեները: Այնուհետև դասընթացի մասնակիցները հաղորդակից դարձան ծրագրերի գնահատման և վերահսկման մեթոդներին, կատարեցին SWOT (ՈւԹՀՍ) վերլուծություն, ապա փորձեցին գնահատել  իրենց մշակած ծրագրերի ազդեցությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների վրա՝ կարևորելով ծրագրերի արդյունքների տարածումը, շարունակականությունն ու կայունության ապահովումը: 

Ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները յուրացնելուց և գործնականում կիրառելուց հետո, շահառու երիտասարդները ձեռք բերեցին գիտելիքներ ֆոնդահայթայթման վերաբերյալ, ծանոթացան ֆոնդահայթայթման ռազմավարությանն ու հիմնական աղբյուրներին: Նրանց ուշադրությանը ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը: 



Դասընթացի ավարտին կատարվեց երիտասարդների մշակած ծրագրերի շնորհանդես, որին ներկա էին նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, քաղաքապետի խորհրդական Լևոն Քալանթարյանը և օգնական Նարեկ Այվազյանը: Երիտասարդների մշակված ծրագրային առաջարկներն արժանացան Ստեփանավանի քաղաքային իշխանությունների հավանությանը և ներկայացված ծրագրային առաջարկներից «Օգնենք իրար» ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդների միջոցով համայնքի համեմատաբար ապահով ընտանիքներից հավաքագրել հագուստ ու կենցաղային իրեր՝ դրանք հատկացնելով համայնքի անապահով ընտանիքներին, առաջիկայում Ստեփանավանի քաղաքապետարանի աջակցությամբ կյանքի կկոչվի: Քաղաքապետարանը պատրաստակամ է ծրագրի իրականացման համար տրամադրել տարածք, աջակցել երիտասարդներին կազմակերպչական մի շարք հարցերում:

Դասընթացի ավարտին կատարվեց մասնակիցների գիտելիքների վերջնական գնահատում, ապա դասընթացը հաջողությամբ ավարտողներն արժանացան հավաստագրերի: Հարկ է նշել, որ եթե գիտելիքների նախնական գնահատման ժամանակ 300 հարցի համար եղել էր ընդհանուր 152 ճիշտ պատասխան (50,7%), ապա վերջնական գնահատման արդյունքում ճիշտ պատասխանների թիվը հասել էր 261-ի (87%), ինչը բավականին տպավորիչ արդյունք է և թույլ է տալիս եզրահանգել, որ հնգօրյա դասընթացի ընթացքում ծրագրի շահառու երիտասարդները հիմնականում կարողացել են յուրացնել ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները: