Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Տիգրան Ղուկասյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 02-05-2019
Երևանյան փողոցները՝ երիտասարդ լուսանկարչի ափի մեջ։
Նա լուսանկարում է քայլող մարդկանց, քաղաքի շունչն ու կոլորիտը։



Գնում է  որևէ իրադարձության  հետքերով՝ զգացողություն արձանագրելու համար և այդ ամենն անում է հաճույքով, ու ոչ միայն։ Երիտասարդ լուսանկարիչ Տիգրան Ղուկասյանը սիրում է նստել քաղաքի մի անկյունում և հայացքով որսալ իր հաջորդ լուսանկարի պատկերը։



Տեսախցիկի դիրքերը փոփոխելով` ֆիքսում է տարբեր երևույթների յուրաքանչյուր ակնթարթ՝ օդում, ջրում, տանիքի վրա,  դաշտում, թե փողոցում։ Տիգրանի համար լուսանկարելիս շատ կարևոր է գտնել տեսախցիկի ճիշտ դիրքը։

Մեր զրուցակիցն է երիտասարդ լուսանկարիչ Տիգրան Ղուկասյանը։



- Ինչպե՞ս սիրեցիք լուսանկարչական ապարատի օբյեկտիվը։

- Փոքր տարիքից սիրել եմ լուսանկարել: Հետաքրքիր էր ֆոտոխցիկի հետ աշխատելը: Բայց երբևէ չէի պատկերացնի, որ կհմտանամ այս ոլորտում և կդառնամ լուսանկարիչ։  



- Ի՞նչն եք սիրում Ձեր աշխատանքի մեջ և ի՞նչը ոչ:

- Սիրում եմ հետաքրքիր կադրեր ֆիքսել: Չեմ սիրում,  երբ խանգարում են և փչացնում են կադրը (Ժպտում է):



- Ո՞ւմ կամ ի՞նչն է հաճախ ֆիքսում Ձեր ֆոտոխցիկը:  

- Ծանոթ դեմքերի ու աչքը շոյող  կադրերի կողքով անտարբեր չի անցնում ֆոտոխցիկս: Սիրում եմ գործընկերներիս նկարել աշխատանքի ժամանակ և աշխատանքից դուրս: Ֆոտոխցիկս իմ ընկերն ու իմ աչքերն են՝ ես տեսնում  եմ, ինքը՝ արտացոլում։



- Ինչի՞ն եք հաճախ ուշադրություն դարձնում լուսանկարելիս: 

- Կախված է նրանից, թե ինչ կամ ում եմ լուսանկարում: Հիմնականում կադրիս գեղագիտական լուծումներին  եմ ուշադրություն դարձնում:



 -Ունեք բազմաթիվ լուսանկարներ: Կա՞ առանձնացող լուսանկար։

- Եթե լուսանկարում եմ որևէ երևույթ, առարկա կամ մարդու,   ապա այն արդեն իսկ առանձնացող է ինձ համար։  Երբևէ հենց այնպես չեմ լուսանկարում։ Իմ սերը շրջակա միջավայրի նկատմամաբ ցուցադրում եմ ֆոտոխցիկիս միջոցով, այն բաց չի թողնում և ոչ մի գեղեցկություն։ Իսկ գեղեցկությունն ու սերը բոլորիս մեջ է։



- Եվ վերջում, ֆոտոխցիկը Ձեր…

- Ֆոտոխցիկն ինձ համար հանգստի միջոց է: