Նյութը՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից
Լուսանկարները՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից
Տեղադրվել է 03-05-2019
Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանց կստեղծվի
Ապրիլի 30-ին «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում։

Հանդիպման հիմնական նպատակն էր բաց երիտասարդական աշխատանքով կամ դրան բնորոշ բաղադրիչներ պարունակող երիտասարդական աշխատանքով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հնարավորություններն ու ձևաչափերը՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա։



«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի ղեկավար, երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը ներկայացրեց երիտասարդական աշխատանքի ցանցի ստեղծման անրաժեշտությունը և նպատակները։ «Ըստ մեր պատկերացմամբ ցանցը պետք է ստեղծվի և ներգրավվի երիտասարդական աշխատանք իրականացնող կազմակերպությունների աշխատակիցներին՝ նպաստելով Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Ցանցը կարող է դառնալ ընդհանուր հարթակ, որը նախ հնարավորություն է տալու երիտասարդական աշխատողներին զարգացնել իրենց աշխատանքային և մասնագիտական կարողությունները, կապ ստեղծել տեղական երիտասարդական աշխատողների և միջազգային բաց երիտասարդական աշխատանքի ցանցերում ներգրավված մասնագետների միջև։ Ցանցը նաև ծառայելու է երիտասարդության ոլորտի շահերի պաշտպանությանը՝ ոլորտում առկա հիմնական խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծման ուղիները գտնելու և աջակցելու պետական և հասարակական տարբեր կառույցներին, որոնք զբաղվում են պատանիների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ»,-ասում է Արթուր Նաջարյանը։



Հաջորդիվ երիտասարդական ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը ներկայացրեց բաց երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններն ու միջազգայնորեն ընդունված սկզբունքները։  Կարևորելով Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորումը՝  Աննա Եղոյանը նշեց, որ Հայաստանում այսօր երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակներ է կիրառվում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ իրենք երիտասարդական աշխատանք են իրականացնում, ավելին՝ ներգրավված լինելով երիտասարդական աշխատանքի մեջ՝ ամբողջապես չեն տիրապետում երիտասարդական աշխատողից պահանջվող վարքականոններին․ և ստացվում է երիտասարդական աշխատանքը Հայաստանում ոչ համակարգված է, ինչի բացը կարող է լրացնել համապատասխան ցանցի առկայությունը։ 

Հանդիպման մասնակիցներն այնուհետև կիսվեցին ապագա ցանցի վերաբերյալ իրենց պատկերացումներով՝ հնարավոր ազդեցության, գործառույթների, խնդիրների մասով։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց կիսվել հետագա քայլերով և շարունակել համագործակցությունը։ Հանդիպում-քննարկումը վարեց երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը։



«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: