Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Կարո Այրումյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 04-05-2019
Կարո Այրումյան. «Բոլոր ճանապարհներս տանում են դեպի բեմ»
Կարոն դեռ 14 տարեկան է եւ արդեն հասցրել է բավականին մեծ հաջողություններ գրանեցել, իսկ հաջողության գրավականը մեկն է՝ նա արդեն հասցրել է գտնել այն ոլորտը, որտեղ նա զգում է իրեն ինչպես ձուկը ջրում։

Eritasard.am-ը շարունակում է պրպտել և գտնել հետաքրքիր կերպարների, մարդկանց, ովքեր արդեն հասել են որոշակի հաջողությունների։ Eritasard.am-ի զրուցակիցն է՝ Կարո Այրումյանը։

Կարոն եւ իր  հետարքրությունները…

14 տարեկան եմ, շատ եմ սիրում զբաղվել երաժշտությամբ, վիդեոբլոգինգով, ազատ ժամանակ նաև սիրում եմ լուսանկարել տարբեր վայրեր և իրեր: 7 տարեկանից սկսած զբաղվում եմ երաժշտությամբ, սկզբում հաճախել եմ վոկալի և դաշնամուրի, մի քանի տարի անց որոշեցի ուսումնասիրել մի այլ հետաքրքիր և յուրահատուկ երաժշտական գործիք և 2016 թվականից սկսած՝ սկսեցի հաճախել նաև սաքսոֆոնի:



«Պատահական հայտնվեցի նաև YօuTube-ում»

Յութուբում վիդեոներ սկսել եմ տեղադրել շատ պատահական: Սկզբում անգամ պատկերացում չունեի, որ կգրանցեմ նման հաջողություններ: Ամեն ինչ սկսվեց ընկերոջս խորհրդով, ես նայում էի, թե նա ինչպես է նկարահանում տարբեր հետաքրքիր տեսանյութեր և տեղադրում իր յութուբյան ալիքում, այդ ամենը տեսնելով որոշեցի ես նույնպես սկսեմ վարել իմ բլոգը յութուբում և արդեն մոտ 3 տարի է ինչ նկարում եմ տարբեր հումորային և ժամանցային հոլովակներ: Ալիքիս անունն է՝«KAR comedy», ինչու՞ comedy, քանի որ որոշել էի նկարել միայն ու միայն հումորային հոլովակներ, բայց անցավ որոշ ժամանակ և ես որոշեցի բացի հումորից նաև նկարել ուրիշ ժանրերի հոլովակներ: Առաջին 1000 հետևորդին հասա շատ դժվարությամբ, սակայն 1000 հետևորդը հավաքելուն պես օր օրի սկսեցին ավելանալ իմ հոլովակների դիտումները և բաժանորդների քանակը: Ներկա պահին ալիքումս կա 33.000-ից ավել բաժանորդ և 5.000.000-ից ավել դիտում:

«Նկարում եմ այնպիսի տեսահոլովակներ,որոնք հետաքրքրում են իմ բաժանորդներին»

Ներկա պահին յութուբում շատ թրենդային են դարձել տարբեր տեսակի չելենջները, և 21-րդ դարի մարդկանց շատ է հետաքրքրում նման ժամանցային հոլովակներ և ես հնարավորինս նկարում եմ այնպիսի բաներ, ինչը հետաքրքրում է իմ բաժանորդներին, երևի հենց դրանով է պայմանավորված իմ վիդեոների բավականին շատ դիտումները:



Երեք մեծ ներկայացում Գլենդելի Ալեքս թատրոնում

Արդեն 7 տարի է ինչ զբաղվում եմ երաժշտությամբ, տիրապետում եմ երկու գործիքի, դաշնամուր և սաքսոֆոն, նաև երգում եմ: Այս 7 տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր մրցույթների, համերգների և հյուրախաղերի: 2016 թվականին առաջին անգամ մեկնել եմ ԱՄՆ հյուրախեղերի և ունեցել ենք 3 մեծ ներկայացում Գլենդելի Ալեքս թատրոնում, դա ինձ համար մեծ փորձ էր ելույթ ունենալ նման մեծ քանակի հանդիսատեսի առջև և արժանանալ այդքան ծափահարությունների: Մեկ տարի անց՝ ունեցանք ևս մեկ հրավեր ԱՄՆ-ից, այդ հրավերի շրջանակներում ունեցանք բազմաթիվ համերգներ բոլոր հայկական դպրոցներում և մեծ գալա համերգ Գլենդելի high school-ի դահլիճում: Մենահամերգիցս հետո մեծ եռանդով պատրաստվում եմ Գիքոր օպերային որտեղ հանդես եմ գալու Բազազ Արտեմի դերում:

«Մենահամերգս յուրօրինակ էր նրանով, որ այն թատերական համերգ ներկայացում էր»

Ապրիլի 20-ին իրականացավ իմ 7 տարվա երազանքը, վերջապես տեղի ունեցավ իմ առաջին մենահամերգը: Նախապատրաստական աշխատանքներով զբաղվում էր մայրս՝ ով նույնպես երաժիշտ է, և հայրս՝ ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ով նույնպես ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի օրս լիարժեք կայանա: Համերգում հնչել են դասական վոկալ կատարումներ, նաև նվագել եմ դաշնամուր և սաքսոֆոն: Մենահամեգս յուրօրինակ էր նրանով, որ այն թատերական համերգ ներկայացում էր։



«Բոլոր ճանապարհներս տանում են դեպի բեմ»

Միանշանակ կշարունակեմ ծնողներիս գործը, բոլոր ճանապարհներս տանում են դեպի բեմ:

«Երաժշտական ունակությունները ժառանգել եմ իմ ծնողներից»

Երաժշտական ունակություններս ժառանգել եմ իմ ծնողներից: Հայրս ամեն հարցում ինձ աջակցում է և միշտ տալիս է լավ խորհուրդներ, որոնք ոչ միայն երաժշտության մեջ, այլև կյանքում շատ են ինձ օգնում:



«Հանդես կգամ Բազազ Արտեմի դերում»

Այս տարի հունիս ամսին պատրաստվում ենք մեծ պրեմիերայի, ներկայացնելու ենք Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերան, որտեղ ես հանդես կգամ Բազազ Արտեմի դերում: Նշեմ, որ Գիքորը 30 և ավելի տարի չի բեմադրվել, քանի որ ամբողջ պարտիտուրան կորել էր, և այն ամբողջությամբ վերականգնվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանի ջանքերով, ով նաև հանդիսանում է իմ մորաքույրը: Հուսով եմ,որ հունիս ամսին մեծ պատվով կներկայացնենք այդ գեղեցիկ օպերան: