Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Աստղիկ Գևորգյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 07-05-2019
«Ինքնազարգացման համար մշտապես պետք է առաջ շարժվել». Աստղիկ Գևորգյան
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք ներկայացնել խելացի, նպատակասլաց, բազմակողմանի զարգացած երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում աչքի են ընկնում իրենց կատարած աշխատանքներով և ծավալած գործունեությամբ: Այս անգամ մեր խորագրի հյուրն Աստղիկ Գևորգյանն է: Իսկ թե որ ոլորտներում է գործունեություն ծավալում մեր հյուրը, կպատմի ինքը` Աստղիկը:

Մասնագիտության ընտրություն, այլընտրանք…

Անկեղծ ասած փոքրուց ցանկացել եմ դառնալ լրագրող, սակայն ընտանիքս դեմ էր: Այնուամենայնիվ չըտրեցի նաև այն ոլորտը (իրավաբանություն), որտեղ ինձ նրանք ցանկանում էին տեսնել: Ընդունվեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Եվ հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, քանի որ ֆակուլտետն իսկապես գիտելիքների մեծ պաշար է տվել, ընդհանուր զարգացվածություն, ինչը կարծում եմ լրագրության ֆակուլտետում չէի ստանա: Մագիստրոսական կրթությունս ևս շարունակեցի նույն ֆակուլտետում: 

Միջազգային հարաբերություններից դեպի հոգեբանություն...

3 տարի առաջ կարծես իմ 2-րդ ծնունդը եղավ, երբ մասնակցեցի էնեագրամայի աձնական աճի թրեյնինգին. սկսեցի ինքնաբացահայտվել: Այն սկիզբ դարձավ, որպեսզի տարիների ինքնազարգացման արդյունքում հասնեմ իմ զգացմունքների ու պահանջմունքների գիտակցմանը, վարքի ու համոզմունքի ըմռնմանը: Հասկացա, որ հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունս մեծ է, ուստի պետք է լրացնեմ գիտելիքներիս պահանջը: Ընդունվեցի ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Հիմա ես ինքս փորձում եմ մարդկանց օգնել, որպեսզի նրանք փորձեն հասկանալ իրենց վարքը, գործելակերպը: 



Երիտասարդ լիդերների դպրոց…

Միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսում էի սովորում, երբ որոշեցի ընդունվել Երիտասարդ լիդերների դպրոց: Անշուշտ, կարող եմ ասել, որ այդ շրջանը ևս կարևոր դեր ունեցավ իմ կյանքում, քանի որ կարևորում եմ մասնագետների հետ շփումը, նոր ծանոթների ձեռքբերումը, որոնցից շատերի հետ անգամ համագործակցել ենք: 

Աշխատանքային գործունեության սկիզբը` ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունում աշխատել եմ Կանանց զարգացման ոլորտում: Ինձ համար շատ հետաքրքիր էր ուսումնասիրել կանանց գործունեությունը` հասարակական, քաղաքական և այլ ոլորտներում: Ծրագրով աշխատել եմ մոտ 1 տարի: Աշխատելու ընթացքում, անշուշտ, գիտելիքներս համալրեցի և ամենակարևորը` ոլորտն ուսումնասիրեցի պրակտիկ տեսանկյունից: 

Քայլերը` լրագրության ոլորտում…

Աշխատել եմ Yerevan Times և Operativ.am կայքերում: Կարող եմ ասել, որ երկուսն էլ մեծ փորձ են եղել ինձ համար, քանի որ միայն աշխատանքային գործունեության ընթացքում ես սկսում շատ բան սովորել` թե' տեսականորեն, թե' տեխնիկապես: Ես կողմնակից եմ մշտապես զարգանալուն: Հասկացա, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, նոր, առավել խորը գիտելիք և փորձ ձեռք բերելու համար: Ընտրեցի ոլորտ, որը Հայաստանում նոր էր զարգանում` տվյալների լրագրության ոլորտը: Արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ Ամփոփ Մեդիայում: Եվ այս տարիների ընթացքում գիտելիքներս հնարավորինս փորձել եմ համալրել: Բայց միևնույն է կանգ չեմ առնում, քանի որ մշտապես պետք է առաջ շարժվել և նորարարությունների մրցավազքից չուշանալ: 



Թրեյների գործունեության ծավալում…

Ինչպես նշեցի` Ամփոփ Մեդիայում աշխատելու ընթացքում մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք արդեն մոտ 2 տարի է, ինչ փոխանցում եմ լրագրողներին, ՀԿ ներկայացուցիչներին: Ինքս բազաթիվ թրեյնինգների եմ մասնակցել և վերապատրաստվել` թե' Հայաստանում, թե' արտերկրում: 2018 թ. Բեռլինում անցա Մոբայլ լրագրության վերապատրաստման շատ հետաքրքիր կուրս, որը ես ինքս վարեցի Հայաստանում` մեր լրագրողների համար: Կարծում եմ սա իսկապես անհրաժեշտ է մեր լրագրողներին, որոնք օպերատիվ աշխատելու կարիք ունեն: Այդպիսով նրանք կարող են հեռախոսի միջոցով շատ արագ մոնտաժել իրենց ռեպորտաժը: Թրեյնինգներ եմ անցկացրել նաև տվյալների վիզուալիզացիայի վերաբերյալ: Այս տարիների ընցաքում մոտ 100 հոգու հետ աշխատել եմ: Անկեղծ ասած` ներկա պահին աշխատում եմ միաժամանակ զարգանալ 2 ոլորտներում` լրագրության և քոուչինգ-հոգեբանության: Ապագաս երկու ոլորտներում է տեսնում եմ: 



Linzonline.am-ի համահիմնադիր…

Ի սկզբանե լինզաների վաճառքով սկսել է ընկերս զբաղվել: Սակայն, միասին որոշեցինք այնպիսի ծառայություն ստեղծել, որը մարդկանց ուշադրությունը կգրավի: Ստեղծեցինք Linzonline.am հարթակը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս լինզաներ պատվիրել և առաքման միջոցով ստանալ: Ես հիմնականում զբաղվում եմ բիզնեսի առաջխաղացման հարցերով` գովազդով, մարքեթինգով: Կարող եմ ասել, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեր ուրույն տեղն ունենք շուկայում: 

Յոգան` առօրյայի մի մաս… 

Անկեղծ ասած` դժվարանում եմ հիշել, թե երբ սկսեցի յոգայով լուրջ զբաղվել: Կարելի է ասել` ինքնաբերաբար ստացվեց: Բայց միշտ եմ հետաքրքրվել, հաճախ կարդում էի, ուսումնասիրում: Որոշեցի մասնակցել բաց դասի, ինչը յոգայով զբաղվելու համար եղավ որոշիչ: Ներկա պահին կյանքիս կարևոր մասն է կազմում: 
 


Ճամփորդություններ և դրանց հետ կապված զավեշտալի դեպքեր…

Եղել եմ մոտ 5 քաղաքներում  (Հռոմ, Ռիգա, Բեռլին, Պրահա, Թբիլիսի): Գուցե շատերի համար դա շատ է, սակայն ինձ համար` ոչ: Այցերս հիմնականում գործնական են եղել, սակայն մշտապես աշխատում եմ գոնե մեկ օր տրամադրել քաղաքի տեսարժան ու հետաքրքիր վայրերը տեսելու համար: Ճամփորդություններս տպավորվել են նաև զվարճալի դեպքերով: Իհարկե, հիմա եմ դրանք զվարճալի անվանում, սակայն, իրականում` տխուր միջադեպեր են: Մեկ անգամ ինքնաթիռի ուշացման հետևանքով չեմ մասնակցել մանկության ընկերուհուս հարսանիքին, որի ժամանակ ի դեպ հարսնաքույր էի: Մյուս դեպքը, երբ ուղեբեռս տրանզիտային թռիչքով չէր տեղափոխվել: 



Ընթերցանությունն ու թենիսը` որպես լիցքաթափման միջոց...

Ընթերցել շատ եմ սիրում: Հիմա շատ մասնագիտական գրականություն եմ կարդում, բայց միշտ էլ ինձ հետաքրքրել է փիլիսոփայության հետ կապված գրականությունը: Դե իսկ սպորտաձևերից նախընտրում եմ թենիսը: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, խաղում եմ: Կարելի է ասել, որ այն ևս հոգեբանական սպորտաձև է, որը մարդուն իսկապես լիցքաթափում է: 

Հաջողության գրավականը...

Իմ հաջողության գրավականն իմ զարգանալու ձգտումն է: Ինձ համար կայուն ոչինչ չկա: Կայունությունն ինձ համար հետընթաց է: Ես փոփոխություններ եմ սիրում, քանի որ դրանք են տանում դեպի զարգացման, ինչն էլ իր հերթին տանում է հաջողության: Առհասարակ կյանքում պետք է պատրաստ լինել փոփոխությունների, սակայն ինքդ, այսինքն` ինքդ փոխես, ինքդ գտնես, սովորես, առաջ ընթանաս: Հաջողությունը ոչ միայն այն արդյունքն է, որին հասնում ես, այլ նաև ներքին բավարարվածությունը: