Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-05-2019
Սպորտային կյանքում բարելավումներ կլինեն
Մայիսի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց սպորտում կատարված և կատարվելիք փոփոխությունները:

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Տուր դե Արմենիա» միջազգային հեծանվային մրցաշար. նախարարի խոսքով այն կդառնա ավանդական: 

Այսպիսով՝ Հայաստանում կանցկացվեն հանրապետական հեծանվավազքի  մի շարք ծրագրեր` հանրապետական կրոսավազք, որին կմասնակցեն շուրջ 10 հազար մարդ: 



Փոփոխության կենթարկվի նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքը. «Մենք նոր խմբագրությամբ ենք ներկայացնելու «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքը. հիմնական նպատակն է կարգավորել մարզիկների, մարզիչների և սպորտային ոլորտի մի շարք ուղղությունների հետ կապված հարցեր, կատարվելիք փոփոխությունները նոր ուժ և թափ կտան սպորտի զարգացմանը»,- իր խոսքում նշեց  Գաբրիել Ղազարյանը:

Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նաև նշեց, որ  այդ փոփոխությունները պետք է սկել նախադպրոցական տարիքից` «Ֆիզկուլտուրան  նախադպրոցական տարիքում պետք է լինի պարտադիր առարկա»: 



Ըստ նախարարի  պաշտոնակատարի՝ սրան կնպաստի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԿԳ նախարարության  միավորվումը, ըստ նրա որոշ հարցեր լուծում կստանան հենց տեղում:

«Հանրակրթական դպրոցներում արտադասարանական խմբակները չեն իրականացվում, մեր խնդին է  ձևավորել  մշակույթ, ըստ որի  ֆիզկուլտուրան երեխաների համար պարտադիր կլինի»,- նշեց նախարարի  պաշտոնակատարը և հավելեց, որ բոլոր համայնքները պետք է ունենան մարզաբազաներ` «Խնդրել ենք, որ նախահաշվարկներն իրականացվեն երեք տեսքով՝ բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ, լողավազան և հրաձգարաններ: Դրանք այն հիմնական մարզաբազաներն են, որոնց կարիքն այսօր շատ ունենք: Այդ ամենը իրականացնելը հեշտ է, չենք ասում մեծ գումարներ են պետք, ուղղակի պետք է սկսել ու իրականացնել»:   



Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ պետք է բոլոր մարզադպրոցները բերել միասնական դաշտ: Բոլոր մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները պետք է վճարվեն համապատասխան միասնական դաշտում. «Մենք գտնում ենք՝ սխալ է, որ մեր ենթակայության տակ գտնվող դպրոցների մարզիչ-մանկավարժները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքային մարզադպրոցների մանկավարժ-մարզիչները: Դա ճիշտ չէ: Չեմ ասի, որ լինելու են մեծ կրճատումներ: Աշխատողը էլի աշխատելու է  նույն տեղում, բայց ստանալու է ավելի բարձր աշխատավարձ. Այդ փոփոխությունները իրականացնելու ենք մոտակա ժամանակներս»,- հավելեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: