Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-05-2019
«Այնտեղ»՝ այլ իրականության բացահատում Ռուզան Չոբանյանի աչքերով
Երեկ կայացավ Ռուզան Չոբանյանի «Այնտեղ» ֆոտոցուցահանդեսի բացումը՝ Դալան ցուցասրահում։

Լուսանկարները Ռուզանի ճանապարհորդության եւ ճանապարհորդելու հանդեպ ունեցած սիրո արդյունքն է. «Ցուցահանդեսի միտքն առաջացավ ճամփորդությունից հետո։ Այնքան ոգևորված էի, որ ուզեցի կիսվել իմ տպավորություններով, նաև այդկերպ երկարացնել ճամփորդության դրական լիցքերը՝ կիսվելով շրջապատի հետ»։

Մասնագիտությամբ դիզայների համար լուսանկարահանումը հիանալի հնարավորություն է այլ իրականություն բացահայտելու համար։ Մեզ հետ զրույցում Ռուզանը խոստովանեց, որ երկար ժամանակ է երազել հիմալայներում լինելու մասին։

«Դեռ շուտվանից կար այդ վայրերը այցելելու միտումը (հատկապես Տիբեթ), որն այս տարի իմ ընկերների շնորհիվ իրականություն դարձավ։ Մեկնելու առիթ հանդիսացավ պարապլաններով ձմեռվա թռիչքային սեզոնն անցկացնել Նեպալում։ Բացի թռիչքներից, ինձ համար հատկապես շատ հետաքրքիր էր մոտիկից տեսնել և զգալ մեզնից շատ տարբերվող, բայց գրավիչ մշակույթը, նաև շփվել այդ այլ իրականության մեջ ապրող մարդկանց հետ»։

Խոսելով ֆոտոցուցահանդեսի անվանման մասին՝Ռուզանն ընդգծեց՝«Այնտեղ» անվանումը հենց այդ տարբերվող, և մեզնից շատ հեռու իրականության մասին է. «Ինձ համար չափազանց հետաքրքիր էր և միջև վերջ անհավատալի անձամբ գտնվել կարծես մեր իրականությունից այն կողմ»։

Ռուզանը նկարների մեջ փորձել է ֆիքսել իր տեսածի տպավորությունները՝ բնության ազդեցիկ տեսարաններ հիմալայներում և շրջակա գյուղերում, անցորդներին իրենց կենցաղի մեջ, փորձել հաղորդել նրանց տրամադրությունը, նրա համար հատկապես հետաքրքրական է եղել այդ յուրահատուկ շփման տեսակը մարդկանց հետ տեսախցիկի միջոցով. «Կուզեի, որ այդ շարունակական դառնար։ Հուսով եմ, որ Նեպալի միջոցով պատկերացումներիս իրականացումը կոգևորի այս հարցում էլ համարձակ լինել»։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը  բաց կլինի մինչև մայիսի 12-ը։