Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-05-2019
Սերգեյ Սմբատյան. «Նվագախումբն իմ կյանքում փոխեց ամեն ինչ»
Eritasard.am-ի զրուցակիցը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանն է:

Մաեստրո Սմբատյանի կենսագրությունը հագեցած է նշանակալի, իրադարձություններով. համաշխարհային ճանաչում ունեցող բեմեր, տպավորիչ համերգներ, հեղինակավոր փառատոներ, մրցանակներ... 

Մենք, թերևս, հավելենք, որ Սերգեյ Սմբատյանը 2018թ-ի տարեվերջին հաղթող է ճանաչվել  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ամենամյա մրցանակաբաշխության  «Երիտասարդ մշակութային գործիչ» անվանակարգում: 



«6 տարեկանում միայն հասկացա, որ մարդիկ կարող են նաև երաժիշտ չլինել…»

- Մաեստրո՛, 4 տարեկանից ջութակ եք նվագել: Ու՞մ օգնությամբ եք կատարել առաջին քայլերը դեպի երաժշտության կախարդական աշխարհ: 

- Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում: Տատս, հայրս պարզապես  ապրում էին երաժշտությամբ: Մեր տան մթնոլորտը մշտապես երաժշտական էր, մեզ հաճախ էին հյուրընկալվում հորս ընկերները, տատիկիս աշակերտները... Մինչև 6-7 տարեկան դառնալս ես չեմ պատկերացրել, որ երաժիշտ լինելը մասնագիտություն է: Կարծում էի՝ կյանքի բնական ընթացք է՝ ապրելակերպ: Ինձ համար երաժիշտ լինելն այնքան բնական էր, որքան շնչելը, խոսելը, քայլելը…

Մի օր էլ մեր տանը հյուրընկալվեց հորս ընկերներից մեկը, որը երաժիշտ չէր: Եվ միայն  6 տարեկանում ես հասկացա, որ մարդիկ կարող են նաև երաժիշտ չլինել:  Դա բեկումնային պահ էր իմ կյանքում: 

Մշտապես լինելով այդ մթնոլորտում՝ 4 տարեկան հասակում ես հասկացա, որ ցանկանում եմ ջութակ նվագել: Տատիկիս աշակերտներն անընդհատ մեր տանն էին, և ջութակի աշխարհն արդեն հարազատ էր դարձել: Ցանկությունս նույնիսկ չքննարկվեց, և տատիկս՝ Տատյանա Հայրապետյանը, դարձավ ջութակի իմ առաջին ուսուցչուհին: 

- Հիշու՞մ եք մանկությունից մի դրվագ, որը մշատապես ուղեկցում է Ձեզ: 

- Իմ համերգը Մոսկվայում: Մինչ օրս հիշում եմ հուզմունքս, սպասումներս: Ես 7 տարեկան էի, և դա իմ առաջին համերգն էր որպես ջութակահար: Տպավորիչ էին նաև ծանոթություններս նոր երաժիշտների հետ Հայաստանում և Հայաստանից դուրս: 

- 13 տարեկանում  Իտալիայի «Rovere d'Oro» միջազգային մրցույթում արժանացել եք Գրան Պրի մրցանակի...

- Դա էլ առաջին հաղթանակս էր, որը փոխեց իմ կյանքը: Փոքր հաղթանակները գուցե ամենակարևորը չեն մեր կյանքում, բայց մրցույթից հետո հասարակության կարծիքն օգնում է, որ  երաժիշտն ավելի հեշտությամբ կայանա: Այդ մցրույթն իմ կյանքում նման դեր ունեցավ: Ամեն դեպքում ես տարբեր համերգների մասնակցեցի  նվագախմբերի հետ, որոնց ընթացքում էլ հասկացա՝ ցանկանում  եմ դիրիժոր լինել: Տատիկիս ասացի այդ մասին: Նա անմիջապես արձագանքեց, և ես հանդիպեցի պրոֆեսոր Յուրի Դավթյանի հետ:  

15 տարեկան էի, երբ վերջնականապես հասկացա, որ այդ աշխարհն ինձ գրավում է: Դասեր, ծանոթություններ... ապա ընունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (սիմֆոնիկ դիրիժորություն):



«Նվագախումբն ապացուցեց, որ տեսլականը կարող է դառնալ շոշափելի...»

- 2005 թ-ին Դուք հիմնեցիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ի՞նչ փոխեց այն Ձեր կյանքում: 

- Նվագախումբն իմ կյանքում փոխեց ամեն ինչ: Իրականության մեջ նույնպես շատ բան փոխեց: Փոխեց հասարակության ընկալումը դասական երաժշտության նկատմամբ: Ապացուցեց, որ տեսլականը կարող է դառնալ տեսանելի, նույնիսկ շոշափելի. տեսլական ասելով՝ միշտ պատկերացնում ենք տիեզերական, միստիկ, շատ հեռվում գտնվող մի բան, բայց նվագախումբը կարողացավ հակառակը ապացուցել: Մենք ունեինք շատ հստակ գաղափարախոսություն, սիրում էինք երաժշտությունը, և նվագախումբը թույլ էր տալիս լինել միասին, մենք երիտասարդ էինք և ուզում էինք ցույց տալ, որ Հայաստանը ստեղծում է արժեքներ: 

Հասարակության մեջ տարօրինակ նորմատիվներ ունենք. միշտ խոսում ենք ապագայից, հպարտանում անցյալով, թերագնահատում ոչ վաղ անցյալը, բայց միշտ չենք տեսնում այն պրագմատիկ ապագան, որ մեզ սպասվում է, այսինքն՝ մենք ապագան ընկալում ենք որպես նվեր վերևից: Նվագախումբը ստեղծելով՝ մենք ապացուցեցինք,  որ թիմային արվեստը եզակի ուժ է, որը կարող է գնալ իներցիային հակառակ և շահել: Շուտով նվագախումբը սկսեց ելույթներ ունենալ նաև միջազգային բեմերում, ինչը  բոլորիս համար մեծագույն ձեռքբերում էր: Նվագախումբն ունի երեք շահառու՝ մարդիկ, որոնք հետաքրքրված են մեր հաջողությամբ,  մեր պետությունը և մեր հանդիսատեսը արտերկրում: Մենք կարողացել ենք գոհացնել բոլորին: 

-Նվագախմբի մասին խոսելով՝ պարզապես չեմ կարող չասել. ինքս «մոտեցել եմ» դասական երաժշտությանը նվագախմբի շնորհիվ:  

- Ուրախ եմ լսել այդ մասին, քանի որ դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է: Նվագախմբի առաքելությունն է նաև ցույց տալ, որ դասական երաժշտությունը կարող է լինել գրավիչ, մարդուն չափազանց սրտամոտ, անհավանական հանրաճանաչ: 

«Ամեն անգամ բեմ դուրս գալով՝  ես դա անում եմ, ինչպես առաջին անգամ ու տրվում այնպես, ասես դա վերջինն է...»



- Բազմաթիվ հեղինակավոր բեմեր եք «նվաճել»: Կարո՞ղ եք առանձնացնել Ձեզ համար ամենակարևոր  համերգը: 

-Դժվար է  առանձնացնել ամենակարևոր համերգը, քանի որ ինձ համար նման ձևաչափ գոյություն չունի:  Այն պարզ պատճառով, որ ամեն անգամ բեմ դուրս գալով՝ ես դա անում եմ՝ ինչպես առաջին անգամ և տրվում այնպես, կարծես դա վերջինն է: Բայց  նվագախմբի ճակատագրում ամենակարևորը 2007 թ.-ին Բեռլինում կայացած համերգն էր: Հենց այդ համերգից հետո որոշում կայացվեց, որ նվագախումբը պետք է գործի պետական հոգածության ներքո: Իհարկե, որոշիչ դեր ունեցավ Եվրոպայում ամենահարուստ պատմություն ունեցող փառատոնի կազմակերպիչների կողմից ուղարկված  նամակը, որտեղ նշվում էր, որ մեր նվագախումբը լավագույնն է փառատոնի ողջ պատմության մեջ: Դա ամենաճակատագրական համերգն էր մեր նվագախմբի կարիերայում: Եվ քանի որ նվագախումբը չափազանց կարևոր դեր ունի իմ կյանքում, հետևաբար ինձ համար ևս համերգը նշանակալի էր: 

- Դուք ամենաերիտասարդ հայ դիրիժորն եք, որ հանդես է եկել Նյու Յորքի հռչակավոր «Քարնեգի հոլում», ընդ որում՝ 2 անգամ: 

- Այո, 2 անգամ հանդես եմ եկել «Քարնեգի հոլում»  որպես հրավիրյալ դիրիժոր: Ղեկավարել եմ Կորեայի կամերային և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը:  Երաժշտական աշխարհում ընդունված կարծիք կա, որ եթե երաժիշտը ելույթ է ունեցել Քարնեգի հոլում, դա նշանակում է, որ շատ հարցեր պարզապես վերանում են: Բեմը, վայրը ինձ համար այդքան էական նշանակություն չունեն, սակայն ես համարում եմ, որ այդ համերգներն իմ կարիերայում կարևորագույններից են, քանի որ հասարակության մեջ ընդունված է համարել, որ արտիստը, ելույթ ունենալով այդ համերգասրահում, ինչ-որ կարևոր փուլ է հաղթահարում:  

- Մաեստրո՛, խոսենք նաև դժվարությունների մասին: Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել: 

- Դժվարություն ասվածը փոքր-ինչ հարաբերական է: Ես կարծում եմ՝ մենք երջանիկ մարդիկ ենք. զբաղվում ենք մեր ամենասիրած աշխատանքով՝ կերտելով ապագան ըստ մեր տեսլականի, մարդիկ դա գնահատում են, պետությունը գնահատում է, այդ պատճառով կարծում եմ՝ դժվարություններին պետք է փոքր-ինչ այլ կերպ վերաբերվել: Այո, կան խնդիրներ, բայց դրանք ամենուր են՝ բոլոր ոլորտներում: Բայց նաև կան գործիքներ՝ խնդիրները լուծելու: Ես և իմ ամբողջ թիմը այլ տեսանկյունից ենք նայում խնդիրներին. եթե դրանք վերացնելու գործիքը չկա, փորձում ենք ամեն կերպ գտնել: Համենայնդեպս, խնդիրը չենք ընկալում որպես կյանքի մի բարդ փուլ: Նվագախմբի պատմությունը և հաջողությունների շղթան ապացուցում են, որ երևի թե դա ճիշտ է: 



-Ո՞րն է Ձեր ամենակարևոր ձեռքբերումը: 

- Ամենակարևոր թիմային ձեռքբերումը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի որակն է: Իսկ որպես Սերգեյ Սմբատյան՝ իմ ձեռքբերումն այն իրողությունն է, որ մարդիկ, տեսնելով մեր շարունակական զարգացումը, ձգտում են են մոտ լինել նվագախմբին՝ ընդունելով այն որպես հաջողության մոդել: Իսկ  հաջողությունը ձգողական մեծ ուժ ունի: 

Որպես մարդ, որի գործառույթը նաև մեր առաքելությունների ձևաչափն ու տեսլականը թիմի առջև դնելն է, կարծում եմ՝ հաջողել եմ: Մենք ունենք հայաստանյան և միջազգային լուրջ ձեռքբերումներ: Մարդիկ փորձում են մեզ մոտ լինել՝ հաճախ նաև համագործակցության առաջարկներով: Քանի որ նվագախումբն ինձ համար ավելի քան կարևոր է, պարզապես անբաժանանելի է ինձանից, ես այդ հաջողությունը մեծագույն ձեռքբերում եմ համարում: