Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-05-2019
Բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված այգին
Հայաստանի մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:

Այգու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց ֆինանսավորմամբ էլ վերակառուցվել է այգին։ 

Պաշտոնատար անձինք շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: 

«Այգին իրական նվեր է, որովհետև այսօր շատերը գալիս են և ասում են` մենք ուզում ենք Երևանի համար մի բան անել, տվեք այս հատվածը կանաչապատենք, այս հատվածում էլ մեծ ռեստորան կառուցենք: Հարգելիներս, եթե ցանկանում եք նվեր անել Երևանին, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերակառուցեք ու էլ ոչ մի բան հարկավոր չէ: Սա՛ է նվերը քաղաքին»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Նշենք, որ այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: 

Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն: 

Հանգստի գոտու կառուցման համար, ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների, ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Պատկերասրահ՝ Երևանի 2800-ամյակին նվիրված այգին