Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-05-2019
Հայտնի են միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողների անունները
Հայտնի են Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողների անունները:

Կրտսեր ենթախմբում երրորդ տեղը զբաղեցրեց Էդգար Մխիթարյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Էդուարդ Ալեքսանյանը, իսկ առաջին մրցանակը հանձնվեց Սյուզաննա Աղամալյանին և Մերի Առակյանին:

Ավագ ենթախմբում երրորդ տեղը կիսեցին Էմիլի Հովհաննիսյանն ու Ռուբեն Ավագյանը, երկրորդ մրցանակը տրվեց Էրիկա Մարկոսյանին: Առաջին մրցանակի ոչ ոք չարժանացավ: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Մերի Առակյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Երկու խմբերի հաղթող մասնակիցները պարգևատրվեցին նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից:

Հավելենք, որ մրցույթն այս տարի մեկնարկել էր մայիսի 11-ին: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովն այս տարի ստացել էր մասնակցության մեկ տասնյակից ավելի հայտ, որից ընտրվել է 10 մասնակից: Այս տարի մրցույթն ընդլայնել էր իր աշխարհագրությունը: Բացի Հայաստանի հանրապետությունից, ստուգատեսին մասնակցում են նաև հայազգի պատանի ստեղծագործողներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից:

6-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին մի շարք անվանի կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ:

Պատկերասրահ՝ Ավարտվեց Էդ. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը