Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2019
Բնական բոդիբիլդինգի Եվրասիայի առաջնություն Հայատանում
Մրցաշարն անցկացվեց երեք տարբեր անվանակարգերում՝ ներգրավելով ավելի քան 50 մարզիկի եվրասիական տարածքի 6 երկրից։

Բնական բոդիբիլդինգի համաշխարհային ֆեդերացիայի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ «Դինամո» մարզադահլիճում պատմության մեջ առաջին անգամ կայացավ բոդիբիլդինգի «WNBF» վարկածով Եվրասիայի առաջնություն։ Հավասարը հավասարի պայքարին մասնակցեցին 6 երկրի 50-ից ավելի բոդիբիլդերներ: Վերջիններիս թվում մեծամասնություն էին կազմում հատկապես երիտասարդ ու սեփական մարմնի կառուցվածքի մասին մտածող մարզիկները։

Մրցաշարն առանձնահատուկ էր, քանի որ դրան կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր իրենց մարմինը կոփում են առանց ստերոիդներ (խթանիչներ, հավելումներ) օգտագործելու։ Կարելի է ասել, որ սա բնական միջավայրում հավասարը հավասարի դեմ իսկական պայքարի ծավալում էր՝ հասկանալու, թե մասնակիցներից ում մարմինն է ավելի կոփված ու գեղեցիկ։

Բնական բոդիբիլդինգի համաշխարհային ֆեդերացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմին Քեշմիրիի խոսքով՝ ապագայում հնարավոր է նաեւ աշխարհի առաջնության պես խոշոր մրցաշար Հայաստանում անցկացնել. «Կարճ ժամանակ է հարկավոր մեզ, քանի որ շատ լավ պոտենցիալ ունենք։ Աջակցություն ստանում ենք, այնպես որ կարելի է անգամ մտածել աշխարհի առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու մասին»։

Մրցումներն անցկացվեցին 3 հիմնական անվանակարգերում։ Տղամարդկանց համար 2 տեսակի մրցում էր նախատեսված՝ բոդիբիլդինգի եւ ֆիզիկական հնարավորությունների։ Կանանց դեպքում անցկացվեց բիկինի մրցում, որտեղ հաղթեց Իրանը ներկայացնող Էլին Մելիք-Հակոբյանը։  

Մրցաշարի հաղթողները ստացան «PRO» կարգի արտոնագրերը, որը հանրավորություն է տալիս մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Պատկերասրահ՝ Բոդիբիլդինգի Եվրասիայի առաջնություն Հայատանում