Նյութը՝ ՎՎՀ Իջևանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջևանի գրասենյակից
Տեղադրվել է 18-05-2019
Տավուշի մարզպետարանը երեխաների շահերի պաշտպանության խմբերի գործընկեր
Տավուշի մարզում Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվում է երեխաների շահերի պաշտպանության ծրագիր, որի շրջանակում Բերդավան, Հաղթանակ, Նավուր և Բերդ համայնքների 13-17 տարեկան 45 երեխաներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու տվյալների հավաքագրման, հարցումների անցկացման, ֆոնդահայթայթման և համայնքային ծրագրերի իրականցման ոլորտներում:

Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Օրինակ, Բերդավանի երեխաների շահերի պաշտպանության խումբը հիմնական կարիք է համարում իրենց դպրոցում բուժկետի լիարժեք կահավորման ու համապատասխան պայմանների բավարարումը, իսկ Նավուրի դպրոցում ՝ դասասենյակների բավարար պայմանների ապահովումը, քանի որ դպրոցը բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել: 



Իրենց համայնքներում խմբերն արդեն հանդիպել են դպրոցների տնօրենությունների, աշակերտական և ծնողական, մանկավարժական խորհուրդների, տեղական իշխանության մարմինների հետ և ներկայացրել իրենց կողմից բարձրացված խնդիրներն ու դրաց լուծման հնարավոր ճանապարհները, համայնքներում անցկացված հարցումների արդյունքները: Տեղի են ունեցել քննարկումներ և նախանշվել են բարձրացված խնդիրների հաղթահարման փոխգործակցային հնարավորությունները: Այնուհետև երեխաների ձայնը մարզային մակարդակում լսելի դարձնելու նպատակով կայացել են հանդիպումներ Տավուշի մարզպետարանում: Խմբերին հյուրընկալել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը : Մարզպետը շնորհակալություն է հայտնել երեխաներին շրջապատի իրադարձություններին և երևույթներին հանրային մասնակցության համար, հորդորել, որ եթե կան երևույթներ, որոնց պիտի արձագանքել, անընդհատ պիտի արձագանքել մինչև դրանց լուծումը, կարևորել համայնքի դերը խնդիրների լուծման գործում: Մարզպետը նաև իր նկատառումներն է ներկայացրել բացահայտված խնդիրների վերաբերյալ, դրանց լուծման գործում անհրաժեշտ համարել բոլոր հնարավոր մասնակիցների ներգրավումը, հորդորել երեխաներին լինել առավելագույնս պահանջկոտ իրենց գործողություններում, նշել, որ քաղաքացիական վարքագիծը պետք է դրսևորվի խնդիրները լուծելով: Առաջարկել է նման հետազոտություններ իրականացնել նաև մարզի մյուս դպրոցներում: Առաջիկայում բարձրացված հիմնախնդիրների լուծման կապակցությամբ կիրականացվեն կոնկրետ քայլեր մի քանի կողմերի մասնակցությամբ: 



Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ մշակել համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից: