Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 19-05-2019
Պղպջակային հրավառություն Հյուսիսային պողոտայում
Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած պղպջակների տոնը։
Ուրախ և գունեղ տոնին մասնակցում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման։ Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ միայն բարձր տրամադրություն և օճառե պղպջակներ արձակող սարք:

Պղպջակների տոնի կազմակերպիչն է «Կանաչ ճամբար» կրթական ՀԿ-ն: Յուրաքանչյուր տարի պղպջակների սիրահարները հավաքվում են Հյուսիսային պողոտայում և նշում պղպջակների տոնը։ Այս տարի նույնպես բացառություն չէ:

Երիտասարդ մայրիկ Լիլիթ Կարապետյանը մասնակցում էր միջոցառմանը իր առաջնեկի հետ. «Սիրով մասնակցում եմ նման ուրախ միջոցառումների երեխայիս հետ: Սոցիալական ցանցի հայտարարությունը կարդացի և տեղեկացա: Դեռ քիչ ժամանակ է, ինչ այստեղ ենք, բայց երեխաները արդեն ընկերացել են և լավ, ուրախ ժամանակ են անցկացնում»:

Հետաքրքրական է, որ պղպջակների տոնի ընթացքում, երեխաների հետ ոգևորվում և պղպջակներ են արձակում նաև մեծահասակները: Այսպիսով՝ Հյուսիսային պողոտայում ստեղծվում է այնպիսի պայծառ մթնոլորտ, որտեղ որոշ ժամանակ ուրախ և անհոգ են դառնում բոլորը:

Պատկերասրահ՝ Պղպջակների տոն 2019