Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-05-2019
Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան
«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք». Շառլ Ազնավուր։

Մայիսի 22-ին է ծնվել ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, XX դարի լավագույն երգիչ Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Ազնավուրի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ.-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ.-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: 

1995 թ.-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ.-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: 

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ.-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ.-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ.-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայում:

Ազնավուրի մտքերից

  • Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի։
  • Ես իմ էությամբ շինարար եմ և երբ սկսում եմ «զրոյից», դա ինձ ուժ է տալիս։
  • Ես չեմ պարծենում, սակայն ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ․․․
  • Իմ ամուրիական կյանքը լի է եղել ակնթարթային եւ խելահեղ սիրային արկածներով։ Ես արցունքն աչքին թողնում էի մեկին, որպեսզի հայտնվեմ մյուսի գրկում։ Նախընտրում էի կարճատեւ հրապուրանքը։ Խաբել ու խաբվել եմ, այդպիսին է կյանքը։
  • Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք։
  • Ժամանակակից երաժշտական բիզնեսում դատարկություն է։
  • Երգիչները հաճախ պոպուլյար են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է։
  • Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը։
  • Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել։
  • Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ՝ այն կա։ Պետք է պարզապես լսել այն։
  • Այսօրվա փոփ երաժշտությունն ի՞նչ է. ո՛չ բառեր կան, ո՛չ մեղեդի, միայն աղմուկ։
  • Աստղ լինելը մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տևում։
  • Իմ ամենասիրելի երգիչը ես եմ։

Մեջբերումներ՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս:

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…