Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2019
«Միսս Արմենիա» համահայկական մրցույթի հաղթողները կմասնակցեն «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» միջազգային մրցույթներին
Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրին «Միսս Տիեզերք Արմենիա 2019» և «Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթների մասնակցության կարգն ու համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումների օրակարգը:

«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանն իր խոսքում նշեց. «2018 թվականից մենք անցկացնում ենք 2 մրցույթ, որոնք, համաձայն արտոնագրի, կոչվում են «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա»: Համահայկական մրցույթում յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին՝ դառնալով մեր երկրի պատվիրակը Հայաստանն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու առաքելությամբ: Այնպես որ սպասում ենք մեր գեղեցկուհիներին, հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը»:



Այսպիսով` «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին կարող են դիմել և մասնակցել 18-28 տարեկան ՀՀ քաղաքացիներ: «Միսս Sիեզերք Արմենիա» համահայկական մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 9-ին` Գյումրու  «Սև բերդ» ամրոցում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում: 

«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը միավորում է աշխարհի հայուհիներին: Մրցույթին կարող են դիմել և մասնակցել 16-26 տարեկան մասնակիցներ` Հայաստանից և Սփյուռքից: «Միսս աշխարհ Արմենիա» համահայկական մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 15-ին` Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի Թայլանդում կայանալիք «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում: 



«Միսս Արմենիա» հիմնադրամն իր գործունեությամբ և գեղեցկության մրցույթի հարթակի միջոցով նպատակ ունի ձեռք բերել նոր համագործակցություններ: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 15 մասնակիցները կունենան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլլինս համալսարանում անվճար ուսում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակը տրվում է եզակի երկրների, որտեղ գեղեցկության մրցույթները ցածր հեղինակություն են վայելում՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների և գործընկերների հետաքրքրությունը»,- հավելեց Գոհար Հարությունյանը:



Ասուլիսի բանախոսներից, «Միսս Հայուհի 2018», «Միսս Համերաշխություն 2018» Արենա Զեյնալյանն իր խոսքում նշեց. «Հաղթանակը ինձ համար շատ ոգևորիչ էր առաջին հերթին նրա համար, որ իմ հայրենիքը «Միսս աշխարհ» մրցույթում ներկայացնելու հնարավորություն ստացա: Այս տիտղոսի հետևում մեծ առաքելություն կա. օգնել մարդկանց՝ ակտիվ ներգրավվելով տարբեր բարեգործական նախագծերում, մարդասիրական ծրագրերում: Երկու  ամսից նոր տիտղոսակիր ենք ունենալու, բայց  դա չի նշանակում, որ ես իմ ակտիվ գործունեությունը դադարեցնելու եմ»:  

Հավելենք նաև, որ  «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամն այս տարվա տիտղոսակիր գեղեցկուհու համար նոր թագ է պատրաստել, որում  ներառված են կնոջ դերն ու հոգևոր արժեքները ներկայացնող խորհրդանշաններ և զարդանախշեր: