Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-05-2019
Կայացել է «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը
Մայիսի 22-ին Վանաձորի Մոր և մանկան այգում տեղի ունեցավ «Խնայի՛ր էներգիան, փրկի՛ր մոլորակը» խորագրով ֆլեշմոբ (offline), որի նպատակն էր տարածել էներգախնայողության գաղափարը։ Ֆլեշմոբին մասնակցել են «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շահառուներն ու դպրոցների ներկայացուցիչները։

Ֆլեշմոբը նաև ունեցել է երկրորդ բաղադրիչը` online: Պատրաստվել է ֆեյսբուքի գլխավոր նկարի ֆրեյմ, որը հնարավորություն կտա մարդկանց իրենց գլխավոր նկարները տեղադրել «Խնայի՛ր էներգիան, փրկի՛ր մոլորակը» կոչով: 

Այս ֆլեշմոմը կազմում էր «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի բաղկացուցիչ մասը, որը ևս ամփոփել է իր աշխատանքները: 
 


Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։



Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «ՀԿ Կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Խաչիկյանը, ծրագիրը ինքնին փոքր էր` 6 ամիս ժամկետով: Սակայն, դրա հետ մեկտեղ, բազմաբովանդակ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են Վանաձորի դպրոցների մոտ 70 աշակերտ: Իրենք իրենց հերթին հանդես են եկել վերապատրաստող` այսինքն   գիտելիքներով և փորձով կիսվել են իրենց ընկերների հետ: Մոտ 500 հոգի մասնակցել է այդ տեղեկատվական դասընթացներին:



«Էներգաաուդիտի արդյունքում որոշ շահառու դպրոցների համար հայտարարվել էր նախաձեռնությունների մրցույթ և ստացվել դիմումներ: Դրանց արդյունքում 3 դպրոցի աջակցություն է ցուցաբերվել: Օրինակ` վերանորոգվել է Վանաձորի 11-րդ դպրոցի տանիքի մի մասը: Մյուս 2 դպրոցներում` էներգախնայող լամպեր են տեղադրվել»,-նշեց Վահե Խաչիկյանը: 

Նշենք, որ Լոռու մարզպետարանին, Վանաձորի համայնքապետարանին և գործընկեր դպրոցներին, ինչպես նաև վերապատրաստումներն անցած դպրոցականներին հանձնվել են շնորհակալագրեր: